Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը երրորդ վստահ հաղթանակը տարավ եւ երեկոյան կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:
Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:
Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը միավոր չվաստակեց: Գորգի մրցավարը պասից տվեց եւ վերեւից աշխատելու հնարավորություն տվեց Վիկտոր Նեմեշին: Ամոյանը հրաշալի պաշտպանվեց ներքեւում եւ հնարավորություն չտվեց սերբ մրցակցին հնարք կատարել: Առաջին մրցափուլի ավարտին Ամոյանին հաջողվեց երկու միավորանոց գցում կատարել: Սերբ ըմբիշի մարտավկան բողոքարկեց: Մրցավարները բավարարաեցին բողոքարկումը եւ երկու միավորը հանեցին Ամոյանի հաշվից: Մրցակիցները գնացին հանգստի 1:0 հաշվով Նեմեշի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց սերբ ըմբիշին: Ամոյանը պարտերում գեղեցիկ գլորում հաշիվը դարձրեց 3:1: Մինչեւ գոտեմարտի ավարտը Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Նեմեշին միավոր վաստակելու հնարավորություն չտվեց:
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչիչ, որտեղ կրկին ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Պաուլիուս Գալկինասին: 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:1 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջոնի Բարի նկատմամբ:
Մալխաս Ամոյանն ու Վիկտոր Նեմեշը մրցագորգում հանդիպում էին երրրորդ անգամ: Նախորդ երկու հանդիպումներում էլ հաղթել է Հայաստանի ներկայացուցիչը:
Առաջին մրցավեճը տեղի է ունեցել 2022 թվականին աշխարհի առաջնությունում, որտեղ Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով տպավորիչ հաղթանակի է հասել եւ 77 կգ քաշային կարգում դարձել աշխարհի բրոնզե մեդալակիր:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել այս տարի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցացված Եվրոպայի առաջնությունում: 77 կգ քաշայինների եզրափակիչում Ամոյանը հաղթանակի է հասել վերջին վայրկյաններում: Գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ Ամոյանը ցատկով գլորել է Նեմեշին եւ հաղթել 6:4 հաշվով՝ հռչակվելով Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
Աշխարհի առաջնությունում առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները պարտվել են:
Եվրոպայի բրոնզե մեդալակիրը (55 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Ադեմ Բուրակ Ուզունին: Թուրք ըմբիշը պարտվել է քառորդ եզրափակիչում, Ռուդիկ Մկրչյանը լքել է պայքարը:
Աշխարհի Մ23 փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո(8:0), չի հաղթահարել 1/8 եզրափակիչի արգելքը, որտեղ պարտվել է աշխարհի փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի հնգակի չեմպիոն, կուբացի Օսկան Պինո Հինդսին (1:4) :
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պարտվել է որակավորման փուլում: Նրան հաղթած գերմանացի ըմբիշը եւս պարտվեց: Մաքսիմ Մանուկյանը լքեց պայքարը: