Մեր այստեղ գտնվելու նպատակն այն է, որ ռուս խաղաղապահները պարզաբանեն, թե ինչու են իրենց աչքի առաջ զոհվում հայ մարդիկ Արցախում. Իրենք իրենց առաքելությունը չեն անում, ձախողել են, դրան արդարացում չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ՌԴ դեսպանատան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը:
«Անընդունելի է դա պարզաբանել մեր ղեկավարների խոսքերով, Հայաստանի դիրքորոշմամբ: Դա կապ չունի, իրենք այնտեղ են եւ այնտեղ ունեն գործառույթ: Այսօր հենց իրենք են այնտեղ կանգնած, ուրիշ ոչ ոք, իրենցից է ակնկալիքը, որ պետք է անեն: Մենք պահանջել ենք, որ դեսպանատնից որեւէ մեկը գա, պարզաբանում տա: Բնականաբար չեն գալու, երկու ելքն էլ փակված են:
Իհարկե, ակնկալիք չկա իրենցից, բայց պետք է իմանան, որ հայ ժողովուրդը հաշտ չի այս վիճակի եւ իրենց անգործության հետ»,-ասաց նա:
Հարցին, թե որքան են փակ պահելու ՌԴ դեսպանատան մուտքերը, Թանդիլյանն ասաց, որ այստեղ հավաքված մարդիկ մտադիր են մնալ այնքան, մինչեւ որեւէ պատասխան ստանան. «Սա տարբեր մարդկանց ինքնաբուխ հավաք է, մարդիկ կորոշեն: Տեսակետ է հնչում, որ մնալու են գիշերը, հուսով ենք, դա արդյունավետ կլինի: Մարդիկ իրավունք ունեն իրենց ցասումն արտահայտելու, եւ այստեղ որեւէ կուսակցական, քաղաքական դիրքորոշում չկա»:
Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ որեւէ արդարացում չկա, որ այսօր Արցախում երեխաներ են զոհվում, իսկ ռուս խաղաղապահներն անգործության են մատնված. «ՄԱԿ-ը հենց այսօր պետք է զորք մտցնի Արցախ, որովհետեւ այսօր Արցախում էթնիկ զտում է եւ ցեղասպանություն»:
Նշենք, որ ցուցարարները փակել են ՌԴ դեսպանատան մուտքերը: Ռուսաստանի դեսպանությունը նոտա է հղել Հայաստանի ԱԳն-ին: