Մոսկվայի կայազորային զինվորական դատարանը գեներալ-մայոր Կոնստանտին Օգիենկոյին ուղարկել է քննչական մեկուսարան կաշառք վերցնելու մեղադրանքով, տեղեկացրել է «Կոմերսանտը»։ Թե երբ է դա տեղի ունեցել՝ չի նշվել։ Թերթի տվյալներով՝ վերջերս նրա ձերբակալությունը երկարացրել են մինչեւ նոյեմբերի 27-ը։
Օգիենկոն, ինչպես տեղեկացրել է պարբերականը, մինչեւ վերջերս հատուկ նշանակության հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության 1-ին բանակի հրամանատարն էր։ Բանակը կատարում է հավանական հակառակորդի կողմից ինքնաթիռների, թեւավոր հրթիռների, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հարվածներից Մոսկվայի պաշտպանության խնդիրները։ Զորքերն ունեն երկու համակարգեր՝ Մոսկվայի ՀՕՊ С-50М («Բայկալ-1», «Ունիվերսալ-1», С-400, С-300ПМ2, «Զրահ- С») եւ Մոսկվայի ռազմավարական ՀՕՊ А-135М։
Քննության վարկածով՝ Օգիենկոն կաշառք է ստացել «Նադեժդա» քաղաքացիական կազմակերպությանը պաշտպանական նշանակության հողերի հատկացման համար։ Ինչպես նշվել է գործի նյութերում, դրա ղեկավարը (կնոջ անունը չի նշվում) փող է հավաքել մի շարք կազմակերպություններից եւ քաղաքացիներից՝ նրանց խոստանալով հողամասեր Մերձմոսկվայում։ Հետո կինը միջնորդի միջոցով 500 հազար ռուբլի է փոխանցել ՀՕՊ 4-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Դմիտրի Բելյացկուն, որը գործել է Օգիենկոյի հանձնարարությամբ։ Պարբերականը նշել է, որ այդ գումարը 30 մլն ռուբլու մի մասն է, որի դիմաց զինվորականները խոստացել էին հատկացնել հողեր կառուցապատման համար, այդ թվում Դոլգոպրուդնիում եւ Լոբնայում։
Քրեական գործ է հարուցվել Քր. օր. 5-րդ մասի 291 հոդվածով (հատկապես խոշոր չափի կաշառատվություն) եւ 6-րդ մասի 290 հոդվածով (հատկապես խոշոր չափի կաշառք)։ Հետաքննությունն սկսել է Մոսկվայի ՔԿ զինվորական քննչական վարչությունը, հետո այն հանձնվել է Գլխավոր զինվորական քննչական վարչությանը։
Բելյացկին մասամբ ընդունել է մեղքը եւ խնդրել իր հետ կնքել մինչդատական համաձայնություն համագործակցության մասին։ Նա տնային կալանքի մեջ է, գրել է թերթը։ Օգիենկոն իր հանցակցությունը գործին չի ընդունում։
«Կոմերսանտի» տվյալներով՝ այժմ քննությունը եւ պաշտպանության նախարարությունն իրականացնում են ՀՕՊ 1-ին բանակին ամրացված հողերի գույքագրում։ Նրանք կարծում են, որ այդ հողերի մի մասը կարող էր վաճառված լինել կառուցապատման համար։