Չնայած այն հանգամանքին, որ դեռևս ամիսներ առաջ Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը սուր քննադատության էին արժանացնում օրվա իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին, այսօր նրանց մոտեցումների մեջ կարծես թե իրապես հեղափոխական փոփոխություններ են տեղի ունեցել: Երբեմնի սկզբունքային համայնքապետերը մեկը մյուսի հետևից հավատարմության երդում են տալիս գործող իշխանություններին թերևս հույս ունենալով, որ ժողովրդի հիշողությունը կարճ է:
Անգամ եթե այդպես է՝ մենք կթարմացնենք: Եվ այսպես, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերի մասին ցավոտ իրավիճակների բերելու խոսքերին, հայտարարում էր` «Նիկոլ Փաշինյանը կանխավ տեղյակ է եղել այս ամենին, ինչ այսօր կատարվում է, և պատահական չէր մեր ձերբակալությունները, պատահական չէր, այս կռվող տղերքին հանել խրամատից, հետ բերել, և այս, ինչը որ տեղի է ունենում, դա տվյալ անձի իմացությամբ է կատարվել, և երևի այսօր առիթ ունեն, թշնամուն նվիրատվություն էր»: Ավելին, նույն Առուշը վստահեցնում էր, որ միայն Նիկոլի հրաժարականը, ինչպես նաև նոր իշխանության ձևավորումը հնարավորություն կտան լուծելու առկա խնդիրները: Այժմ էլ պարզվում է, որ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել, հետևաբար պետք է նրա հետ աշխատել: Հետաքրքիր է՝ ինչու՞ Առուշանյանը հանկարծ դարձավ այդչափ ճկուն, գուցե դրա վրա ազդեցություն են թողել նաև վերջինիս բիզնեսները, որոնք նա իհարկե չի ցանկանում կորցնել: Առուշանյանը, ով ասֆալտի հանքի սեփականատեր է, տանիքի թիթեղներ և պողպատյա գլանվածքներ արտադրող ընկերություն է աշխատեցնում, իշխանությունների թողտվությամբ տենդերներ է շահում, բիզնեսի հարցերը կարգավորել է և արդեն չի պահանջում նույն այդ Փաշինյանի հրաժարականը:
2021 թվականին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հայտարարում էր՝ «Ժողովուրդը դուրս էր եկել և ինքնաբուխ փակել էր դեպի Քաջարան ճանապարհը և մի փոքր հատված էր բաց դեպի Կապան, Նիկոլ Փաշինյանը ուղղակի այդ հատվածով կարողացավ մազապուրծ լինել և փախնել: Ինքը, ինչպես գողտու եկել է, այդպես էլ փախել է: «Քաղաքացիները հստակ դիրքորոշում ունեն, և այդ դիրքորոշումը ոչ մի դեպքում չի փոխվելու։ Սյունեցին այս հողատուի նկատմամբ չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել: Սյունեցին ամուր կանգնած է իր տեղում»,- նշեց համայնքապետը:
Սյունեցիները չգիտենք, սակայն, Փարամազյանը կարծես թե իր դիրքորոշումները փոխել է, և նրա համար ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ Աննա Հակոբյանը ում Փարամազյանը հայտնի վարդի ծաղկեփնջերով և լայն ժպիտով էր դիմավորում այլևս հողատու չեն: Քաջարանի համայնքապետի նման կրավորական կեցվածքը պայմանավորված է նրանով, որ ինքը և իր մերձակա շրջապատը օգտվում են իշխանության ընձեռած բիզնես հնարավորություններին: Մամուլի տեղեկությունների համաձայն Մանվել Փարամազյանի մերձակա շրջապատին պատկանող ընկերություններին հնարավորություն է տրվել արտոնյալ պայմաններով բեռնափոխադրումներ իրականացնել: Խոսքը գնում է հանքանյութերի փոխադրման մասին։
Ստացվում է, որ երբեմնի ընդդիմադիր համայնքապետերը սեփական բիզնես շահերը շատ ավելի բարձր են գնահատել, քան Սյունիքի անվտանգությունը: Ըստ այդմ, նրանք գիտակցելով, թե ոչ սպասարկում են իշխանությունների սրտի պրոյեկտի՝ Զանգեզուրի միջանցքի բացմանը, քանի որ այդ ծրագրի իրականացմանը կարող է խանգարել միայն Սյունիքի ղեկավարների միահամուռ դիմադրությունը: Իսկ եթե հարցնես, թե որն՞ է քաղաքական կուրսի փոփոխության պատճառը, կասեն, որ գործ են անում:
Սա էլ է ի դեպ անչափ կասկածելի արդարացում, քանի որ փաստ է, որ այն բոլոր ծրագրերը, որ այսօր իրականացվում են Սյունիքում սկիզբ են առել դեռևս նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կառավարման տարիներին: Բերենք ընդամենը մի քանի օրինակ: Կառավարությունը հպարտորեն հայտարարում է, որ Սյունիքի մարզում USAID-Ն գյուղատնտեսույան զարգացման ծրագրեր է իրականացնում: Մինչդեռ USAID-ի կողմից Սյունիքին տրամադրվող օժանդակությունը սկիզբ է առել դեռևս 2000-ականների սկզբին՝ մարզպետարանի հետ ակտիվ համագործակցության ձևաչափով: Քաջարանի կանաչ լուսավորության ծրագիրը որը այսօր կյանքի է կոչվում հաստավել է 2016 թվականի հուլիսից: Այն ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունք էր: Մեղրի» պետական սահմանի անցման կետի արդիականացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ծրագիրը, որը այսօր իրականացվում է գործող իշխանությունների կողմից հաստատվել է դեռևս 2011 թվականին ՝ԵՄ-կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ :
Այս ամենից անշուշտ պարզ է դառնում, թե ինչու են իշխանությունների համար ընդունելի սեփական բիզնեսը հայրենիքից բարձր դասող պաշտոնյաները, իսկ սկզբունքային, Սյունիքի մարզը ծաղկեցրած պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հանդեպ քրեական շինծու գործեր են հարուցվում և կալանավորման ապօրինի որոշումներ կայացվում: Պատճառը թերևս պարզ է, նրանք չեն համաձայնվել վաճառել ոչ սեփական սկզբունքներն ու պատիվը, ոչ էլ հայրենիքը:
Եվ վերջում մեկ կարեւոր նկատառում եւս. երեկ Ազատության հրապարակում տեւական դադարից հետո կրկին հանրահավաք էր՝ Արցախի ու Հայաստանի փրկության վճռական կամքով, բայց երբեմնի ընդդիմադիր համայնքապետերին այդտեղ հանրությունը չտեսավ, իրենք փրկելու այլ բաներ ունեն, որոնք հայրենիքից վեր են դասում։
Հրապարակում չկար նաև Փաշինյանի տիկնոջը 50.000.000 մլն դրամ նվիրաբերած ,այնուհետև ընդդիմադիր դարձած և մանդատը վայր դրած Վահե Հակոբյանը։
Նյութի աղբյուր՝ armday.am-ի