00:00:00

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է. Փաշինյան (Տեսանյութ)

11:50, 17 օգոստոս 2023 Քաղաքականություն

«Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում  հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Եթե ամփոփելու լինենք քննարկումը, կարող ենք արձանագրել հետևյալը՝

1. Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը: Իհարկե,  Հայաստանի Հանրությանը կարող է սա տարօրինակ թվալ, որ արձանագրում եմ սա ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակ պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ:

2. ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ-ի  120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

3. Ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքով անձանց և տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն  ապահովելու վերաբերյալ որոշումը Ադրբեջանի կողմից չի կատարվել:



Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂ-ում  հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է: Նաև  միջազգային հանրության կողմից հավաքական կոչն է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի  միջանցքի ապօրինի արգելափակումը:

Իհարկե, այս կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ և 22 բեռնատար շուրջ 400 տոննա բեռով՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավարությանը: Մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում  օր օրի սրվում է, միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող  ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի զինված ուժերի կրակահերթերի  տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորություն չունենան:

Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որպեսզի ԼՂ-ի ժողովուրդը իր  ցանած հացահատիկը հավաքի՝ ալյուր ունենալու համար: Սա ևս մեկ փաստ է, որը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը սովամահության  ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում և, հետևաբար, Լաչինի միջանցքի  բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ  պիտի դիտարկեն:

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման  վրա: Միևնույն ժամանակ, պիտի կրկնեմ նախկինում ասածս, որ ստեղծված  իրավիճակում լավագույն լուծումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն  է, Ստեփնակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմների շրջանակներում: ՀՀ-ն իր հերթին շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,-կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր