00:00:00

«Տկզարը», «գազել քշողը», Փաշինյանի քաղաքական շահառուները․ Քաղաքապետի 14 թեկնածուներից ով է իրականը, ով՝ ձայն փոշիացնողը

19:40, 15 օգոստոս 2023 Քաղաքականություն

2023 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։ Հայտերի ներկայացման ժամկետը օգոստոսի 3-13-ն ընկած ժամանակաշրջանն էր։ Առաջադրման գործընթացն ավարտված է։

Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցող ուժերն իրենց հայտները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին հայտերի ներկայացման միայն վերջին 3 օրերին։

Խորհրադարանական ընդդիմությունը Երևանի ՏԻՄ ընտրություններին չի մասնակցելու, առաջադրված ուժերից շատերն էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահառուներն են։ Օրինակ «Միացյալ Հայաստան» կուսակցության թեկնածուն կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանն է։ Վերջինս որևեւէ քաղաքական հետագիծ չունի, օդում դատարկ կրակողներից է, որի խոսքն անգամ կշիռ չունի, այնպես, ինչպես կիր ղեկավարած կուսակցությունը։ Թարվերդյանին դիտարկել որպես լուրջ ու մրցակցային թեկնածու, բավականին ծիծաղելի է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն է։ Վերջինս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի թիմակիցն է։ ԼՀԿ–ն ընդդիմադիր դիրքերից հանդես չի գալիս, վերջիններս էլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահառուներն են։

Հաջորդիվ «Հաղթանակ» կուսակցությունն է, որի  թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է։ Վերջինս Փաշինյանի «հեղափոխության» շահառուներից էր, ով պաշտոն էր ստացել և վայելում էր այն, մինչև չորոշեցին նրան էլ հեռացնել իրենց շարքերից։ Հենց այդ օրվանից էլ Մնացականյանը դարձավ իբրև ընդդիմադիր, բայց Մնացականյանի ընդդիմադիր լինելը սկսվում և ավարտվում է «անշառ» թեմաների վերաբերյալ քննադատություններ հնչեցնելով։ Օրինակ Հայաստանում ու Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում Մնացականյանը քննարկում ու քննադատում էր այն հանգամանքը, որ Հանրապետության հրապարակում կա մի «ձող», որը տարիներ շարունակ ծռված է, ու ոչ մի քաղաքապետ այն չի «դզում», ինքն էլ ուզում է ընտրվել քաղաքապետ, որ հենց այդ «տրուբեն դզի»։ Ինչ խոսք, շատ հավակնոտ ծրագրեր ունի։

Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող ուժերից են նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Սուրեն Պետրոսյանը, ինչպես նաև  «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որի ցուցակն էլ  գլխավարում է Արման Ղուկասյանը։ Այս կուսակցություններն ու անձինք հանրությանը քիչ հայտնի են, չունեն բավարար ռեսուրսներ, բայց միայն հավակնություն։ Հետևաբար ընտրական այս գործընթացին նրանց մասնակցությունը կարելի է դիտարկել, որպես օլիմպպիական խաղերի մասնակցություն, որտեղ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ՝ մասնակցությունը։

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։ Նա թիմակիցների կողմից հասցրել է «տկզար» մականունը ստանալ։ Մարությանը քաղաքական շոուի վարպետ է, դա էլ պայմանավորված է նրա մասնագիտությամբ։ Բայց, ինչպես գիտենք դերասանությունը լավ է, եթե այն բեմում է արտահայտվում։ Մարությանը բեմից այն կողմ զրո է։

«Արդար Հայաստան» կուսակցություն, թեկնածուն՝ իրավապաշտպան Նորիկ Նորիկյանն է։ «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Արտակ Զեյնալյանն է։ Վերջինս էլ Փաշինյանի քաղաքական շահառուներից է։

«Հանրային ձայն» կուսակցության թեկնածուն Արտակ Գալստյանն է, ով, սակայն, այժմ կալանավորված է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա «գազել» քշող է, այն էլ՝ առանց համապատասխան վարորդական իրավունքի։ Առանց վարչական ռեսուրսի, Ավինյանը հաղթելու շանսեր չունի։

Ու այս ուժերի կողքին, թերևս առանձնանում է «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը ընտրական գործընթացին բավականին լուրջ է նախապատրաստվել։ Հավակնոտ ու իրատեսական ծրագրեր ունի կուսակցությունը, որոնք կյանքի կոչելու համար ունի միջոցներ ու ռեսուրսներ։

Ինչ վերաբերում է Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությանը, ապա այս մասին խոսելն անգամ ամոթ է։

Հիշեցնենք, որ կուսակցությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացը կայացավ օգոստոսի 3-13-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 13-ից 18-ն արդեն կիրականացվի գրանցման գործընթացը, իսկ նախընտրական քարոզչությունը տեղի կունենա օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր