«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» հայտարարություն է տարածել․
Պայքարը շարունակվում է, քանի դեռ Հադրութն ազատագրված չէ:
1992թ. oգոստոսի 15-ը ճակատագրական օր էր Հադրութի համար: Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությամբ փորձեց օկուպացնել շրջանը: Դաժան մարտերի ու բազում զոհերի գնով Հադրութը չծնկեց թշնամու առաջ և անառիկ մնաց Արցախի հարավային դարպասը: Այդպես օգոստոսի 15-ը հռչակվեց,Հադրութի վերածննդի օր:
2020-ի 44-օրյա պատերազմում սխրանքի նույն արդյունքը գրանցել չհաջողվեց: Թուրքիայի ռազմական աջակցությամբ, դաժանության անասելի դրսեւորումներով Ադրբեջանը բռնազավթեց Հադրութը:
Անհավասար պատերազմում պարտությունը խեղեց պատմական իրողությունն ու վերաձեւեց Արցախի Հանրապետության քարտեզը:
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ակնհայտ խախտմամբ Ադրբեջանը օկուպացրեց նաեւ Հադրութի շրջանի վերջին բարձունքները՝ Դիզափայտը, Խծաբերդը, Հին Թաղերը:
Հադրութի անկումը, սակայն, չի նշանակում, որ Հադրութի հարցը փակվել է:
Ինչպես Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, նույն տրամաբանությամբ էլ Հադրութը չի կարող մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս հստակ տեսլականը անվերապահ աջակցություն ու պաշտպանություն ունի նաև «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» և հայաստանյան Հարթակի կողմից:
Հանրային շարժման համար Հադրութ վերադարձն օրակարգային է նույնքան, որքան ողջ Արցախի ապաշրջափակումը:
Հադրութի ազատագրումը ազգային ռազմաքաղաքական տեսլականի մաս է, որը կյանքի պիտի կոչվի համահայկական ջանքերով:
Սեփական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանված է միջազգային նորմերով ու օրենքներով: Եվ, եթե անգամ այն հիմա առկախված է, ապա դա միայն մի բան է նշանակում` ՊԱՅՔԱՐ:
Մենք հավատում ենք, որ արցախցու պատվախնդրության ու ըմբոստության գենը չի կորչել և ինքնության համար պայքարում գտնվելու են անհրաժեշտ այն հնարներն ու միջոցները, որոնք բերելու են արժանապատիվ խաղաղություն:
Սուրբ Կատարոյի բարձունքը վերանվաճելու և հաղթական տարեթվեր վերակերտելու ժամանակները վերադառնալու են: