00:00:00

Իտալացի բազմաթիվ ներդրողներ պատրաստ են քննարկել ՀՀ-ում լուրջ ներդրումներ անելու հարցը. Իտալիայի դեսպան

19:47, 21 մայիս 2018

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր պարտականություններն ստանձնում է Հայաստանի համար պատմական ժամանակաշրջանում, երբ երկիրը գնում է բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխությունների ճանապարհով: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս հարցում էական նշանակություն են ունենալու թե՛ Եվրոպական միության եւ թե՛ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունները: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Իտալիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա: Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Դեսպանը նշել է, որ իտալացի բազմաթիվ ներդրողներ պատրաստ են քննարկել լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը: Նա տեղեկացրել է, որ իտալական «Ռենկո» ընկերությունն ակտիվորեն շարունակելու եւ ընդլայնելու է ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում, իսկ բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպություններ հետաքրքրված են հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող երկրով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այն հիմնախնդիրներին, որոնք նոր քաղաքական իրավիճակում պիտի դառնան ՀՀ-ԵՄ, ինչպես նաեւ ԵՄ առանձին պետությունների հետ համատեղ օրակարգի քննարկման հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր