Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 26-ին հրավիրել է նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Աղաբեկյանը:
Քննարկվող օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակում Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Ըստ գործող կարգավորումների Ազգային ժողովի նախագահի թեկնածուներն առաջադրվում են՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, առաջարկվում է սահմանել երկօրյա ժամկետ:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նրա ընտրության հարցը քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո` Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում: Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստ գումարելը ստեղծված պայմաններում կարող է բավականին երկար տևել, ուստի առաջարկվում է հարցը քննարկել առաջիկա նիստում:
Նշվում է, որ հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:
Եթե նախկինում մարդու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը ենթակա էին միայն քաղաքացիաիրավական պաշտպանության, ապա առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ:
Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:
Քննարկված օրինագծերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Նույն օրը հրավիրվել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
Արցախի ԱԺ տեղեկացմամբ՝ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը, որը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ կարգավիճակ սահմանելու նրանց համար, ովքեր մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական կամ աշխատանքային (մասնագիտական) պարտականությունները կատարելիս կորցրել են կյանքը կամ վնասել առողջությունը:
Օրինագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը: