00:00:00

Ժպտացող հեղափոխությունը, որի շնորհիվ աշխարհը ավելի լավ ճանաչեց հայերին. Ֆրանսիայի դեսպան

18:49, 21 մայիս 2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առաջիկայում ավելի կզարգանան ու կընդլայնվեն: Մխիթար Հայրապետյանը կարեւորեց երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, նշեց, որ սփյուռքի հետ աշխատում են նաեւ կրթության, մշակույթի, տնտեսական զարգացման եւ ներդրումների, արտաքին գործերի եւ այլ նախարարություններ: Նախարարը մասնավորապես նշեց. «Երկրում դրական մթնոլորտ է ստեղծվել, ժողովուրդը սպասում է փոփոխությունների: Մարդիկ հավատացել են, վստահել են մեզ, պետք է արդարացնենք այդ վստահությունը: Սփյուռքը շատ բազմազան է, բազմաշերտ, պետք է աշխատել բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Պետք է ակտիվ գործակցենք հատկապես երիտասարդների հետ, կոնկրետ քայլեր անենք»: Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար եւ նշեց, որ ուրախ են ընդլայնել համագործակցության շրջանակները նոր Հայաստանում: «Ողջունում ենք արեւոտ, ժպտացող հեղափոխությունը, որի շնորհիվ աշխարհը ավելի լավ ճանաչեց հայերին: Այսօր ոգեւորված է նաեւ հայկական սփյուռքը, հատկապես, երիտասարդ սերունդը: Նրանք ավելի զարգացած են, առաջադեմ, լավատես եւ ճկուն, տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին: Շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել Հայրենիքում», - հավելեց դեսպանը: Քննարկվեցին կրթության, նորագույն տեխնոլոգիաների, տնտեսության բնագավառներում համագործակցության, Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 2018թ.-ի գագաթաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր