00:00:00

Ձեր աչքով տեսեք ողբերգությունը. ՀՀ լրագրողական կազմակերպությունները՝ Շուշիի ֆորումի մասնակիցներին

14:29, 23 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Հայկական լրագրողական 11 կազմակերպություններ կոչ են հղել Շուշիի մեդիա ֆորումին մասնակցող գործընկերներին՝ նշելով, որ նրանց վճռականությունն ու հաստատակամությունը կարող են նպաստել տարածաշրջանում առկա իրավիճակի փակուղուց դուրս բերմանը, և համոզմունք հայտնել, որ լրագրության պատմության առաջին հայացքից աննշան թվացող այս դրվագը կարող է կարևոր դեր խաղալ ընդհանուր մասնագիտության հետագա հեղինակության համար։

Հայկական լրագրողական կազմակերպությունները նաև հարցադրում են արել առ այն, որ մի՞թե մեդիա ֆորումի մասնակիցների մասնագիտական պարտքը իրենց չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեն Արցախի ողբերգությունը։

Կոչում նշված է. «Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն,  հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող կառավարական բոլոր նախաձեռնություններին և պարբերաբար մեղադրանքներով է հանդես գալիս այդ երկրում լրագրողների իրավունքների զանգվածային ճնշման վերաբերյալ քննադատություն հնչեցնող իրավապաշտպան կազմակերպությունների հասցեին: Ցավոք, արդեն հարցեր չունենք նաև ճանաչված լրատվամիջոցներին և մասնագիտական կառույցներին​​, որոնք իրենց ներկայացուցիչներին ուղարկել են մասնակցելու Շուշիի ֆորումին՝ մի միջոցառման, որի միակ նպատակը Բաքվի՝ քաղաքակիրթ աշխարհի հիմնարար արժեքներին հակասող արտաքին և ներքին քաղաքականությունը լեգիտիմացնելն է․ այսօրինակ անսկզբունքայնությունը շատերի համար սովորական բան է դարձել։

Մեր հարցն ուղղված է ալիևյան ռեժիմի առատաձեռն հյուրընկալությունը վայելող և արտաքին աշխարհից ավելի քան յոթ ամիս մեկուսացման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի քաղաքներից և գյուղերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հայտնված գործընկեր լրագրողներին։ Այնտեղ, որտեղ հազարավոր մարդիկ երկար ժամանակ զրկված են տարրական սնունդ ունենալու հնարավորությունից, որտեղ ծննդաբերող կանանց չեն կարող հասցնել հիվանդանոց՝ բենզինի բացակայության պատճառով, որտեղ ջրի մատակարարումը վտանգված է էլեկտրաէներգիայի սակավության պատճառով… Մի՞թե ձեր մասնագիտական պարտքը ձեզ չի դրդում ադրբեջանական իշխանություններից պահանջելու ազատ տեղաշարժի հնարավորություն, որպեսզի ձեր աչքերով տեսնեք այն ողբերգությունը, որի հետ զուգահեռներ գտնելն այնքան էլ հեշտ չէ ժամանակակից աշխարհում։ Մի՞թե այլևս լրատվամիջոցների խնդիրը չէ՝ ճեղքել տեղեկատվական շրջափակումները, երբ կատարվողի մասին տեղեկատվությունը գալիս է համարյա բացառապես կողմնակալ աղբյուրներից։ Մի՞թե դուք որոշել եք տուրք տալ մեր մասնագիտությանն անհարիր դյուրահավատությանը և «ըմբռնումով մոտենալ» փաստարկներին, թե իբր Ֆորումի տերերն ուրախ կլինեին օգնել ձեզ մի քանի րոպեում հաղթահարել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տանող ճանապարհը, բայց տեղի հայկական ղեկավարությունը կամ ռուս խաղաղապահները ձեզ թույլ չեն տա անցնել:

Մինչդեռ ձեր վճռականությունն ու հաստատակամությունը կարող են նպաստել տարածաշրջանում առկա իրավիճակի փակուղուց դուրս բերմանը: Համոզված ենք, որ լրագրության պատմության առաջին հայացքից աննշան թվացող այս դրվագը կարող է կարևոր դեր խաղալ մեր ընդհանուր մասնագիտության հետագա հեղինակության համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր