Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել Շուշիում միջազգային մեդիա ֆորումի մասին, որին մասնակցելու են եկել՝ 120 լրատվամիջոցների, մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հայտարարությունն ամբողջությամբ ստորև՝
Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը Շուշիում կազմակերպել է միջազգային մեդիա ֆորում՝ «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով։
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ֆիզուլիի օդանավակայան են ժամանել 50 երկրներից ավելի քան 250 մասնակիցներ՝ 120 լրատվամիջոցների, մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց ժամանման լուսանկարները լայնորեն տարածում են ադրբեջանական քարոզչամիջոցները։
Ցավոք, պետք է արձանագրել, որ նշված պատվիրակության կազմում ներկայացված են նաև բավական հեղինակավոր լրատվամիջոցներ ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց մի մասը՝ ինչպես Հայաստանի ժուռնալիստների միության, այնպես էլ՝ հայկական տարբեր լրատվամիջոցների, մեդիա-կազմակերպությունների երկարամյա գործընկերներ են։
Շուշիում կազմակերպվող մեդիա-ֆորումն ակնհայտորեն Ադրբեջանի քաղաքական-քարոզչական մեծ ծրագրի մի մասն է, որին մասնակցությամբ՝ մեր բազմաթիվ գործընկերներ անուղղակիորեն լեգիտիմացնում են Արցախի նկատմամբ այդ երկրի կողմից արդեն ավելի քան 7 ամիս շարունակվող շրջափակումը, որը հանգեցրել է սարսափելի հումանիտար ճգնաժամի և ամեն ժամի հետ սպառնում է խլել նոր մարդկային կյանքեր։
Հարգելի գործընկերներ, դուք այս պահին գտնվում եք մի երկրում՝ Ադրբեջանում, որն օկուպացրել է Արցախի տարածքները, ներառյալ՝ Շուշին, որտեղ դուք պատրաստվում եք ֆորում անցկացնել, և դա արել է ցեղասպան քաղաքականություն վարելով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքներով, ու հիմա էլ սովամահ է անում 120.000 արցախցիների: