ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ատեստավորման գործընթացը. կամավոր ատեստավորմանն արդեն մասնակցել է շուրջ հազար զինծառայող, հայտ ներկայացրել են 4 հազարը։
«Ունենք և՛ ատեստավորվածներ, և՛ մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին»,- կառավարության նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ այն ստորաբաժանումները, այն զինծառայողները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են նաև շատ լավ արդյունքներ։
«Կա ընկալում առ այն, որ պատրասվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել ու ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ նաև նրանց պարագայում, ովքեր թերացել են։ Գործընթացը բավականին առողջ է, ունենք դժվարություններ, արձանագրվում են թերություններ, որոնց մասին գիտեինք, բայց արդեն փաստացի արձանագրում ենք, սրա մասով պետք է շատ արագ ու գործնական քայլեր կատարենք»,- նշեց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարը վստահեցրեց՝ օգոստոսի 1-ից Զինված ուժերում կլինեն զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է։
«Մենք ունենք զինծառայողներ, ովքեր արդեն իսկ հաղթահարել են գերազանցի նշաձողը, նրանց պարագայում ոչ միայն կրկնակի, այլև կրկնակիից ավելի է աշխատավարձը բարձրացել»,- նշեց նա։