Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է օրվա վիճակագրական թարմացումները։
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1640 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։
․ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 620 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, իսկ հունիսի 25-ին վերականգնվելուց հետո՝ վերջին անգամ դադարեցվել հուլիսի 10-ին:
․ Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
․ Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 211 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (219 օրվա ընթացքում մարդկանց 536,550 -ի փոխարեն՝ 2540 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 19 ելքի և մուտքի դեպք՝ միայն ԿՄԽԿ միջնորդությամբ:
․ Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 69 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (219 օրվա ընթացքում 201,480 -ի փոխարեն՝ 2,923 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 3 մուտք և ելք՝ Կարմիր խաչի կողմից:
․ Շուրջ 15 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (219 օրվա ընթացքում մոտ 87,600 տոննայի փոխարեն՝ 5․715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 0 տոննա:
․ Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 152 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 190 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
․ 860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20․1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
․ Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11,000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
․ Դադարել են 32․6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
․ Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 416 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 46 %-ի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: