00:00:00

Նախագահ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

18:04, 21 մայիս 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին:

Կարճատեւ առանձնազրույցից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նրա խոսքով, երկու ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի համոզմամբ, երկու ժողովուրդներն էլ մշտապես հիմնվել և հիմնվում են համամարդկային արժեքների ու սկզբունքների վրա և նաև դրա շնորհիվ է, որ կարողացել են դիմագրավել բոլոր փորձություններին:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պատմական ամուր հիմքի և փոխադարձ հարգանքի վրա ձևավորված հայ-կիպրական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Արմեն Սարգսյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը և տնտեսական կապերի հետագա զարգացումը՝ հատկապես զբոսաշրջության, ծառայությունների և բանկային ոլորտներում: Կողմերն ընդգծել են նաև գիտակրթական ոլորտում համագործակցության և փոխանակման ծրագրերի կարևորությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկը ճանաչելու և անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի մի հատվածին օգնության ձեռք մեկնելու՝ ապաստան տրամադրելու, ապրելու և արարելու հնարավորություն ընձեռելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման ու կիրառման կարևորությանը:

Դեմետրիս Սիլուրիսը կիպրական կողմի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ընթացող բանակցություններին: Իր հերթին Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել այս հարցում Կիպրոսի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր