Արցախի Հանրապետությունում տրանսպորտային վառելիքի սղության հետևանքով կրճատվել է շտապ օգնության մեքենաների թիվը, իսկ առաջինը օգնությունը հնարավորին փորձ է արվում հեռավար ցուցաբերել:
Այս մասին հուլիսի 18-ին տված հարցազրույցում ԱՀ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
«Վառելիքը ոչ միայն շտապ օգնության մեքենաների աշխատանքն է ապահովում, այլև՝ էլեկտրաէներգիա, որը շատ անհրաժեշտ է մեր բուժմիավորումներում բժշկական սարքավորումների անխափան աշխատելու համար: Վառելիքի պակասը մենք զգում ենք օր օրի: Ամբողջ համակարգն անում է ամեն ինչ, որպեսզի ունեցածը խնայողաբար օգտագործվի: Միշտ չէ, որ օգտագործվում են էլեկտրականություն ապահովող շարժիչները: Կրճատել ենք շտապ օգնության մեքենաների թիվը: Փորձում ենք առաջին օգնությունը հեռավար ցուցաբերել, ինչը բերում է մեծ խնդիրների: Բնականաբար, եթե ժամանակին չես հասնում շահառուին, դա կարող է անդառնալի հետևանք թողնել: Ունենք երկու դեպք, երբ շտապ օգնության մեքենան ժամանակին չի հասել: Կարծում եմ, որ բժիշկների ցուցումով հիվանդներին կարելի էր փրկել, եթե հնարավոր լիներ ավելի արագ հասնել հիվանդանոց: Այդ դեպքերը, կարող են շատանալ վառելիքի խնայողաբար օգտագործելու պատճառով»,- մանրամասնել է Վ. Թադևոսյանը՝ ընդգծելով, որ անհնար է դարձել ժամանակին արձագանքել շրջանների բուժմիավորումների խնդիրներին, երբ անհապաղ օգնություն է անհրաժեշտ Ստեփանակերտից:
«Վառելիքի խնդիրը գնահատում եմ ավելի գերակա, քան դեղորայքի պակասը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ խնդրի պատճառով առաքիչները չեն կարողանում սնունդ մատակարարել բուժմիավորումներին: