00:00:00

Արցախում մոտ 2,000 հղիներ և շուրջ 30,000 երեխաներ ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում

10:35, 15 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Վառելիքի և անհրաժեշտ այլ միջոցների խորացող սղության պատճառով չի իրականացվել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների շուրջ 70 տոկոսը, իսկ տնտեսության այլ ճյուղերում՝ ավելին.
· Նույն պատճառով հանրային տրանսպորտի ներքին տեղաշարժը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ մասնավոր տրանսպորտի պարագայում՝ գրեթե ամբողջությամբ.
· Դեղորայքի, բժշկական ու հիգիենայի պարագաների աճող պակասը և բուժառուներին Հայաստան տեղափոխելու արգելքը ահագնացող վտանգներ են հարուցում մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ.
· Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումների ու վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ ու խափանումներով են գործում բժշկական սարքավորումները՝ հանգեցնելով մատուցվող ծառայությունների ծավալների ու որակի լրացուցիչ նվազման.
· Անհրաժեշտ մթերքների և վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2,000 հղիները և շուրջ 30,000 երեխաները ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում. հայտնում էԱՀ նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումները և վառելիքի ու այլ անհրաժեշտ պարագաների սղությունը լրջագույն խափանումների պատճառ են դառնում բազմաթիվ բնակավայրերի ջրամատակարարման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների գործունեության մեջ.

Շրջափակման և էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների խափանման պատճառով շուրջ 12,000 անձ դարձել է գործազուրկ ու զրկվել եկամտի աղբյուրից, ինչը մասնավոր հատվածում փաստացի աշխատող անձանց ավելի քան 60 տոկոսն է:

Արցախի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու միջանկյալ նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող  նախապատրաստում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ադրբեջանն այսպիսի քայլերով միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի կյանքի համար անտանելի պայմաններ՝ նպատակ ունենալով հասնել Արցախի հայաթափմանը և Արցախի ժողովրդի ոչնչացմանը որպես այդպիսին։ 

Նշված և բազմաթիվ այլ անվտանգային ու հումանիտար հիմնախնդիրներն ահագնացող սպառնալիքներ են ներկայացնում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության համար: Առկա իրավիճակը պայթյունավտանգ է և հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: 

Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի կատարում և շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանները, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն ու հորդորները: Ավելին, միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները»:

[ԱՀ նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր