00:00:00

Հանրային խորհրդի նախագահը նամակով դիմել է նոր վարչապետին

17:23, 21 մայիս 2018

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ս.թ. մայիսի 18-ին նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ ս.թ. մայիսի 16-ի ՀԽ նիստում որոշում է կայացվել վարչապետի ուշադրությունը հրավիրել այն առաջարկությունների վրա, որոնք Հանրային խորհուրդն այս տասը տարիների ընթացքում ներկայացրել է ՀՀ կառավարություն, և որոնց մի մասն ամբողջությամբ կամ մասամբ ընդունվել է ու կյանքի կոչվել, մի մասը մնացել է չիրագործված:
Մանուկյանը նշել է, որ բոլոր այդ առաջարկները գտնվում են ՀՀ կառավարությունում, և կարելի է դրանք ներառել առաջիկայում ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք նոր կառավարության ծրագրում:
ՀԽ նախագահը կառավարության ղեկավարին է ուղարկել նաև սեղմ առաջարկներ Հանրային խորհրդի որոշ հանձնաժողովների կողմից, որոնք նպատակահարմար են գտել դրանք ներկայացնել վարչապետին քննարկման նպատակով:
Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել իր անձնական նկատառումները Հայաստանում այսօր, իր կարծիքով, ամենախնդրահարույց վիճակում գտնվող 3 ոլորտների՝ կրթության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության վերաբերյալ:
Այդ նկատառումները հետևյալն են.
Կրթություն
1) Պետք է անջատել դպրոցը բուհից և գիտությունից՝ համապատասխան երկու առանձին նախարարությունների ձևավորմամբ:
2)  Դպրոցները պետք է լինեն «ֆեդերալ»՝ կառավարվելով մեկ գերատեսչությունից և տեղական իշխանությունների հետ ունենալով չնչին առնչություն:
3) Պետք է լինեն միասնական չափորոշիչներ՝ միաժամանակ ապահովելով մասնավոր դպրոցների և միջազգային տարբեր կրթական համակարգերին միացած դպրոցների («Այբ», «Քվանտ», «Շիրակացի», «Դիլիջան» և այլն) գործունեությունը և դա տեղավորելով մեր կրթական չափորոշիչների համատեքստում:
4) Պետք է վերանայել դպրոցական ծրագրերն ու դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնական գիտությունների դասավանդմանը: Բացի այդ, դպրոցական կրթությունը պետք է մեր երիտասարդության մեջ սերմանի հպարտություն մեր ազգային պատկանելության նկատմամբ: Այդ նպատակով պետք է վերանայվեն համաշխարհային և հայոց պատմության դասագրքերը: Հայոց պատմության դասագրքերում մեր պետության պատմության հետ միասին պետք է խորացված ձևով ներկայացվի հայկական գաղթօջախների պատմությունը, որոնք մեծ ազդեցություն են թողել համաշխարհային այժմյան քաղաքակրթության զարգացման վրա:
5) Բուհերում առկա բազմաթիվ խնդիրները լուծելուն զուգահեռ, պետք է խնդիր դրվի ընտրել հայաստանյան 2-3 բուհ և դրանք բարձրացնել այնպիսի մակարդակի, որպեսզի ներառվեն միջազգային լավագույն 400 բուհերի ցանկում:
Հանքարդյունաբերություն
1) Հանքարդյունաբերության ոլորտում նախևառաջ պետք է մշակել նոր օրենք, որում, մնացած հարցերի հետ միասին, հստակ կսահմավի էկոլոգիայի և տնտեսական զարգացման ոսկե միջինը: Առաջնահերությունն ամբողջությամբ տալով էկոլոգիական կողմին՝ կխոչընդոտենք տնտեսական զարգացումը, իսկ եթե մտածենք միայն տնտեսական զարգացման մասին, լրջորեն կտուժի էկոլոգիան: Այստեղ ամենակարևորը ճշգրիտ եզրը գտնելն է:
2) Բազմաթիվ հանքերի դեպքում, որոնք չնչին գնով տրվել են տարբեր ընկերությունների, բայց այս տարիների ընթացքում չեն շահագործվում, պետք է քննարկել դրանց մի մասի «պետականացման» (լիցենզիայից զրկելու) հարցը՝ փոխհատուցելով սեփականատերերի կատարած ծախսերը:
3) Օգտագործվող հանքերի դեպքում «պետականացումը» կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Դրանց գործունեությունը պետք է կարգավորվի նոր օրենքով:
Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ, ըստ Վազգեն Մանուկյանի, ամենակարևոր հարցը հողերի խոշորացումն է, որովհետև փոքր ֆերմերային տնտեսությունները հիմնականում լինում են ոչ արդյունավետ (բացառությամբ լեռնային շրջաններում որոշակի բույսերի և արտադրությունների):
«Աշխարհում կա խոշորացման 2 ճանապարհ: Առաջինը՝ երբ ինչ որ մեկը գնում է հսկայական քանակությամբ հողեր և իբրև խոշոր ֆերմեր՝ սկսում օգտագործել դրանք: Առանց բացառելու այդ ճանապարհը, այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանի համար առավել արդյունավետ է մյուս ճանապարհը, որն ընդունված է եվրոպական շատ երկրներում: Դա կոոպերացիան է, և մեր գյուղատնտեսության հիմքում պետք է դնել կոոպերացիայի զարգացումը: Կոոպերացիան նախ նպաստավոր է հողերի օգտագործման տեսանկյունից, բացի այդ, կարող է խթանել փոքր արտադրությունները, որոնք իրենց հերթին կստեղծեն իրենց շուկաները և այլն: Փաստորեն, կոոպերացիան մի կողմից լուծում է հողերի խոշորացման հարցը՝դարձնելով գյուղատնտեսությունն արդյունավետ, մյուս կողմից՝ պահպանում է գյուղերը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,-նշված է նամակում:
Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերին, ապա Մանուկյանը կարևորել է, որպեսզի  Պաշտպանության նախարարությանն անհրաժեշտ գնումների մի զգալի մասը հնարավոր լինի ապահովել սահմանամերձ գյուղերում` հիմնելով  համապատասխան արտադրություններ:
«Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև այն ոլորտներին, որոնք 2014 թվականին ՀՀ կառավարության կողմից սահմանվել են իբրև գերակա ուղղություններ: Դրանցից մեկն, օրինակ, գինեգործությունն է: Հայկական գինին այսօր իր որակով չի զիջում աշխարհի լավագույն գինիներին: Պետք է նշել, որ կոնյակի և գինու հսկայական շուկա ունենք Չինաստանում, որը չի օգտագործվում՝ ի տարբերություն Վրաստանի, որն ակտիվորեն ներգրավված է այդ շուկայում և մեծ քանակությամբ գինի է արտահանում Չինաստան»,-գրված է նամակում:
Ընդհանրապես, ըստ Վազգեն Մանուկյանի, Հայաստանը լիարժեք չի օգտագործում այն հսկայական հնարավորություններն ու շուկան, որն ընձեռում է Չինաստանը: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետի առաջիկա արտերկրյա այցերից մեկը պետք է լինի Չինաստան: «Ընդ որում, այդ այցին պետք է չափազանց լուրջ պատրաստվել՝ հաշվի առնելով չինական քաղաքակրթության յուրահատկությունները»,-նշել է Մանուկյանը:
Քանի որ ՀՀ Հանրային խորհուրդը սերտ հարաբերերություններ ունի Չինաստանի նույնանման կառույցի հետ, ՀԽ ղեկավարը հարկ է համարել վարչապետին ուղարկել նաև 2016 թվականին Հանրային խորհրդի պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը ժամանակին ներկայացվել է Հանրապետության նախագահին: «Կարծում եմ՝ Ձեզ համար այդ տեղեկատվությունն օգտակար կլինի»,-նշել է նա:
Այս ամենից բացի, Վազգեն Մանուկյանը կարևոր է համարել համաշխարհային հայկական կառույցի ձևավորման նախաձեռնումը, որի բոլոր նախադրյալներն այս պահին կան:
Հանրային խորհրդի նախագահը նոր կառավարությանը մաղթել է հաջողություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր