ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից. բողոքի քննությունը կանցկացվի գրավոր։
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդմամբ՝ դատավորը չի ցանկացել իրականացնել բանավոր քննություն:
«Որոշումը կկայացվի հուլիսի 17-ին: Իմ խորին համոզմամբ՝ որևէ նշանակություն չունի, թե այդ դատարանի կոնկրետ որ դատավորն է իրականացնելու իմ բողոքի քննությունը, որովհետև ով էլ լինի, բողոքը մերժելու է, քանի որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և նրա անազատության մեջ հայտնվելու իրական և միակ հեղինակը բոլորին հայտնի է: Սակայն, դատավոր Արթուր Նահապետյանի ընտրությունը, մեղմ ասած, զարմանալի է:
Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անմիջական իրականացնողը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանն է, ով խիստ «պատահական» զուգադիպությամբ հանդիսանում է դատավոր Ա.Նահապետյանի մտերիմ ընկերը և քավորը: Դեռ ավելին, եթե համեմատենք Ա. Քյարամյանի և Ա.Նահապետյանի վերջին 5 տարիների կենսագրությունը, ապա ակնհայտ կդառնա, որ նրանք ոչ միայն ընկերներ են, այլև խիստ փոխվստահություն վայելող ընկերներ են, քանի որ Ա.Նահապետյանը «պատահական» զուգադիպությամբ աշխատել է Ա.Քյարամյանի գլխավորած բոլոր հիմնարկներում:
Շիրակի դատախազության շենքում ձևավորված այս ընկերությունը, հետագայում՝ քավոր-սանիկությունը, իհարկե, վատ բան չէ, եթե այն փաստացի չդառնար մարդկանց քաղաքական հետապնդումների ենթարկելու մի օղակ: Բոլոր ողջամիտ մարդկանց պարզ է, որ հակակոռուպցիոն դատարանների բուրգը իրականում ստալինյան տռոյկաների ռեինկարնացիան է, որի գործը ոչ մի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, այլ, իրականում, դա ընդամենը գործող հայրենավաճառ ռեժիմի ռեպրեսիաների սպասարկումն է:
Հետաքրքիր է, որ Արմեն Աշոտյանի դեպքում այդ ակնհայտ ապօրինի և քաղաքական հետապնդումը համեմվում է նաև քավոր-սանիկական «կծու պղպեղով»», - Facebook-ում գրել է Աթանեսյանը։