00:00:00

Տարոն Մարգարյանի`«մազից կախված» ճակատագիրը. նա երկու տարբերակ ունի

13:10, 21 մայիս 2018

Այն ինչ տեղի է ունենում վերջին օրերին Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես, անձամբ Տարոն Մարգարյանի շուրջ, այլ կերպ, քան հայաստանյան հասարակության քաղաքացիական ինքնագիտակցության զարթոնք, ոչ մի կերպ չես կարող անվանել: Ի՞նչ է կատարվում: Ըստ էության՝ ականատես ենք դառնում հեղափոխական պրոցեսի շարունակական դրսևորումներից մեկին, որն, ինչպես և բուն հեղափոխությունն, ի հայտ է եկել ամենևին էլ ոչ անհիմն կերպով. մանուկներից մինչև տարեցներ, վիրաբույժներից մինչև տաքսու վարորդներ կհաստետան, որ Հայաստանի փտած պետական կառավարման համակարգի ամենավատ ու քստմնելի երևույթները ոչ մի տեղ այն աստիճան իրենց կատարելությանը  չեն հասել, որքան՝ Երևանի քաղաքապետարանում: Մինչդեռ Տարոն Մարգարյանի քաղաքային միապետության դեմ ապստամբության պաշտոնական պատճառ ու շարժառիթ, ինչպես հայտնի է, դարձել էր Մարգարյանի աջ ձեռքը հանդիսացող չինովնիկներից մեկի բնորոշմամբ՝  «կոմունիստական շրջանի հին այգում» քաղաքապետարանի կատարած ծառահատումները՝ հետագա կառուցապատման նպատակով: Ուշագրավն այստեղ այն  է, որ համապատասխան ծրագիրը, որի դեմ բողոքում էին  բազմաթիվ ցուցարարներ՝ մտնելով  նույնիսկ քաղաքապետարանի շենք,  ինքնին վատ գաղափար չէ: Ասում են, որ կառուցվող այգին իրականություն դառնալու դեպքում իր մասշտաբներով ու գեղեցկությամբ նույնիսկ տարածաշրջանում լավագույնն էր լինելու, դրախտանման մի վայր, որ էապես գեղեցկացնելու էր քաղաքն ու մաքրելու ախտոտված օդը: Եվ ուրեմն՝ հարց կարող է առաջանալ՝ որն է աննախադեպ ցասման բուն պատճառը: Իրականում ակնհայտ է, որ բողոքի բուն պատճառը ոչ այնքան Երևանի կենտրոնում կատարված ծառահատումներն են, այլ Տարոն Մարգարյանի չեղած հեղինակությունը, իսկ ավելի ճիշտ՝ նրա գործելաոճը: Նախկին իշխանությունները, որոնց ամենավառ սիմվոլներից մեկն էլ երկար տարիներ Երևանի քաղաքապետի պաշտոնը սեփականած Տարոն Մարգարյանն է, այնքան զզվելի են դարձել հասարակության համար, որ նույնիսկ նրանց ամենալավ գաղափարներն ու ձեռնարկներն էլ այլևս չեն կարող վայելել հասարակության աջակցությունը: Իսկ դրա պատճառը մեկն է՝ կոռուպցիան: Այո՛, հենց քաղաքապետարանում վխտացող կոռուպցիան է այն իրական պատճառը, որով պայմանավորված է Տարոն Մարգարյանի դեմ ուղղված հասարակության բողոքն ու դժգոհությունը: Ոչ մեկի  համար գաղտնիք չէ, ու այդ մասին բազմաթիվ անգամներ գրվել է մամուլում, որ Երևան քաղաքի՝ միլիարդների հասնող բյուջեն տարիներ շարունակ մսխվել է, փոշիացվել: Միայն պետական գնումների շրջանակներում կատարված անիմաստ ծախսերը, որոնք հարյուրավոր միլիոններ են արժեցել հարկատուների վրա, երեք ամիսը մեկ քաղաքի փողոցներում «կարկատաններ» անելը՝ ասֆալտ փռելու տեսքով ու տարածված կաշառակերությունը բավական են, որպեսզի Մարգարյանի քաղաքային իշխանության դեմ ողջ հասարակությունը ոտքի կանգնի ու վտարի: Այո՛, միգուցե տեսանելի իմաստով ինչ-որ բան արվել էլ է, սակայն, արդյոք այն բավարա՞ր է կամ կարո՞ղ է հիմք տալ քաղաքացիներին՝ աչք փակելու ճչացող արատների վրա, անտեսելու  անարդարությունն ու անարխիան: Հարցի պատասխանն ինքնին հասկանալի է: Եվ հետո՝ եթե ասվում է, որ Հայաստանում տեղի է ունենցել հեղափոխություն, և շատ բաներ այլևս սկսվելու են նոր, մաքուր էջից ու հին մեթոդները, հասարակությանը մինչև հոգու խորքը զզվեցրած  դեմքերն այլևս տեղ չեն ունենալու նոր Հայաստանում, ապա այս պարագայում հատկապես ի՞նչ իմաստ է ստանում Տարոն Մարգարյանի պաշտոնավարությունը: Ճիշտ է՝ Մարգարյանն իր դեմ բարձրացած բողոքի ալիքը ժողովրդավարական նորմերի ակնհայտ խախտում է համարել՝ հայտարարելով, թե ամբողջ աշխարհում ընդունված չէ, երբ որ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության և փորձում է ճնշել տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրովի մարմիններին, սակայն կասկածից վեր է, որ Մարգարյանի դեմ բարձրացած բողոքը շատ իմաստներով ինքնաբուխ է ու ամենևին էլ ոչ անհիմն, ու այս պարագայում սա ոչ թե հեղափոխության, այլ ինքնագիտակցության մի նոր մակարդակի հասած քաղաքացիների ճնշումն է մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված համակարգի դեմ: Չնայած Տարոն Մարգարյանը հայտարարել է, թե ինքը հրաժարական չի տալու, սակայն աներկբա է, որ նրա իշխանությունն այլևս ապագա չունի, ու հարցն այստեղ ոչ թե Մարգարյանի մնալ-չմնալն է, այլ այն, թե ինչ տեսք կունենա նրա պաշտոնաթողությունը. քաղաքապետը կգտնի՞ իր մեջ ուժ՝ արժանապատվորեն հեռանալու, թե՞ նրան ժողովուրդը պարզապես ստիպված կլինի  կոպտորեն վտարել քաղաքապետարանի իր հարմարավետ գրասենյակից: Ընտրությունն, ինչպես ասում են, Տարոն Մարգարյանինն է… Irakanum.am      

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր