Արցախյան կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպումը մի պարզ պատճառով, քանի որ արցախյան կողմն ամենից շահագրգիռն է նման իրական երկխոսության մեջ, Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Որպեսզի այդ երկխոսությունը կառուցողական բնույթ ունենա, որոշ չափորոշիչների պետք է համապատասխանեն, այդ իսկ պատճառով է, որ քննարկումները դեռ շարունակվում են։ Այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել երրորդ երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից՝ նման հանդիպումներ կազմակերպելու մասին», - ասաց նախարարը։
Նա նշեց, թե այս տարվա փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում։
«Քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն ադրբեջանական կողմն ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով այն իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ։ Ճնշումների տակ բանակցություն կամ երկխոսություն չի կարող լինել։ Եթե նրանք ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է», - ասաց Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, որ արցախյան կողմը խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին հանդիպումների մասին բազմաթիվ առաջարկներ է փոխանցել, որոնք մերժվել են։