Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, այցելել է Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնք:
ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ մասնավորապես՝ Պաշտպանն աշխատակազմի և մարզային ստորաբաժանման պատասխանատու Էրիկ Ծերունյանի ուղեկցությամբ շրջել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզային ստորաբաժանման տարածքով, զրուցել անձնակազմի և պարտադիր զինվորական ծառայության մեկնող երիտասարդների հետ, վստահեցրել, որ նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերն իր անմիջական ուշադրության կենտրոնում են, ինչպես նաև մաղթել բարի և անփորձանք ծառայություն:
Հաջորդ կանգառը Գանձաքար համայնքն էր: Անահիտ Մանասյանը համայնքի ղեկավար Վարդգես Դովլաթբեկյանի հետ քննարկել է բնակավայրում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այցի շրջանակում Պաշտպանը շրջել է բնակավայրում կառուցվող դպրոցի տարածքով, նաև հանդիպումներ անցկացրել բնակիչների հետ:
Նրանք պատմել են, որ խնդիրները հիմնականում կապված են հողերի ոռոգման հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: