Հունիսի 15-ից հետո տարբեր շրջանակների կողմից փորձ է արվել ապատեղեկատվություն տարածելով ներքին դժգոհություններ հրահրել՝ հանրությանն անընդհատ ենթարկելով հավելյալ լարվածության: Այս մասին հայտնել է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը՝ անդրադառնալով «ալյուրի երկու օրվա պաշար» մնալու մասին տեղեկություններին:
«Այդուհանդերձ, նման մտահոգիչ իրավիճակի առնչվելու դեպքում այդ մասին առաջինը հայտարարելու է կառավարությունը. այս պահին իրավիճակը կառավարելի է՝ ժամանակին պահեստավորված ալյուրի ու առաջիկայում հնձվելիք ցորենի պաշարների շնորհիվ:
Նման տեղեկատվական սադրանքներն ընդամենը հավելյալ ծանրաբեռնվածություն են հաղորդում պետությանը ալյուրի մատակարարման հարցում, և ամեն անգամ կառավարությունը այդ խուճապային մթնոլորտը հաղթահարելու համար ստիպված է լինում ծախսել ավելին, քան մեր պահանջարկն է:
Մի՛ տրվեք նման սադրանքների ու մի՛ հավատացեք այդպիսի կեղծ լուրերի: Ցավոք, նույնիսկ այսպիսի իրավիճակում մեր շարքերում դեռևս կան մարդիկ, որոնք բավարար չափով չեն գիտակցում և արժևորում հանրային ու պետական շահը»,- ասված է հաղորդագրության մեջ: