17-ամյա Տաթև Ավանեսյանը ծնողների հետ ապրում է Ստեփանակերտում:
Սովորում է Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջի «Ռազմական բուժառու» բաժնի երրորդ կուրսում:
Շրջափակման ընթացքում Տաթևի դասերը որոշ ժամանակով ընդհատվեցին: Ձմեռային շրջանում քոլեջի լսարանները շատ ցուրտ էին, իսկ ուսումնական հաստատություն հասնելու համար տրանսպորտային խնդիրներ կային:
Տաթևը պարուհի է, ով շատ հաճախ մեկնում էր շրջագայությունների, բայց շրջափակման հետևանքով միայն Արցախի տարացքում են համերգներով հանդես գալիս:
Ձմռանը սաստիկ ցրտի հետևանքով Տաթևը հիվանդանում է թոքաբորբով, և դեղեր, գրեթե, անհնար էր գտնել, միայն մեկ ամիս բուժվելուց հետո վերականգնվեց:
Տաթևը փոքր տարիքից սիրում էր շոկոլադի հետ փորձարկումներ անել, և արդեն մեկ տարուց ավելի է զբաղվում է պրոֆեսիոնալ շոկոլադագործությամբ, ունի իր բրենդը՝ Ta Tever Sweet-ը:
Դեկտեմբերի 12-ին ճանապարհը փակվելուն լուրջ չվերաբերվեց, քանի որ մինչ այդ նման դեպք արդեն եղել է:
Իրենց ընտանիքը շրջափակման ծանրությունը զգաց միայն 20 օր անց, երբ արդեն խանութները ամբողջությամբ դատարկվել էին:
Բայց գնալով հասկացավ իրավիճակի բարդությունը:
Քանի որ Ամանորի նախաշեմին պատվերները շատ են լինում, Տաթևը նախօրոք բավականաչափ ապրանքներ էր պատվիրել Երևանից:
Տաթևիկը այս ընթացքում փորձել է իր աշխատանքով մարդկանց ուրախություն պարգևել:
Հեռուստատեսությամբ տեսնելով մի աղջնակի, ում մայրը մնացել էր ՀՀ-ում, իսկ դուստրը՝ Արցախում, ու երեխայի միակ ցանկությունը մոր վերադարձն էր, Տաթևը այդ երեխայի ծննդյան գիշերը՝ ժամը 12-ին, պատրաստում է իր շոկոլադներից և գնում շնորհավորում:
Այդ ամենից ոչ միայն այդ բալիկն է ուրախանում, այլ նաև՝ Տաթևիկը:
Ամանորի տոներին ընդառաջ նա սպասում էր հրաշքի, բայց այն տեղի չունեցավ, փորձեց ինքը մի փոքր հրաշք գործել: Երբ իմացավ, որ մանկատան երեխաների համար քաղցրավենիք են հավաքում, ինքն էլ իր պատրաստած քաղցրավենիքները գեղեցիկ տուփերում դասավորած նվիրեց մանկատան 29 երեխայի, իսկ իր հետ գնացած ընկերները երեխաներին նվիրեցին խաղալիքներ, հագուստ:
«Երբ հասկացա, որ իմ պահեստավորումն էլ է պակասում, սկսեցի արդեն այն պատվերները ընդունել, որոնք ավելի առաջնային էին, և իմ պատվիրատուները հիմնականում ըմբռնումով էին մոտենում իմ այդ քայլին:
Բայց եղավ մի պահ, որ ընդհանրապես չէի աշխատում, որոշ ժամանակ անց կարողացա ես էլ ՀՀ-ից ինձ համար անհրաժեշտ ապրանքները Երևանից տեղափոխել Արցախ:
Սակայն այդ ամենի հետ մեկտեղ գինը ահռելի բարձրացել էր, որպեսզի ես կարողանամ ոչ շատ թանկ վաճառել իմ ապրանքները, որոշեցի տուփերը ինքս պատրաստել, այլ ոչ թե գնել:
Անգամ ելակով պատվերներ ընդունելիս, երբ պատրաստման օրը ելակը շատ ավելի թանկ է լինում, քան պատվերի օրը, փորձում եմ գնային քաղաքականությունը նույնը պահել:
Ունեմ հետաքրքիր պատվիրատուներ: Տղան մնացել է Երևանում ու չի կարողանում վերադառնալ Արցախ, բայց իր սիրելին Արցախում է, տոն օրերին պատվիրում է իր կողմից շոկոլադե արկղիկներ,որոնք պատրաստում ու նվիրում եմ այդ աղջկան:
Մյուս պատվիրատուն էլ Մոսկվայից ամեն ամիս պատվիրում է իր ընկերուհու համար կոմպոզիցիա,որ պատրաստեմ և նվիրեմ:
Ինձ հանար հաճելի է, երբ տեսնում եմ այդ աղջիկների աչքերի փայլը:
Սիրահարների օրվա կապակցությամբ շատերը բնական ծաղկի փոխարեն շոկոլադե էին պատվիրում, որ ծաղիկների բացը լրացնեն:
Երբ իմացա, որ մանկապարտեզի երեխաները ավարտական հանդեսի համար ոչ մի քաղցրավենիք չեն կարողանում ձեռք բերել, որոշեցի իմ կողմից նվիրել երեխաներին:
Քանի որ այդ մանկապարտեզում հիմնականում Շուշիի շրջանի երեխաներն են, այդ նվիրատվությունը դարձնելու եմ ամենամսյա, որտեղ 29 երեխա է հաճախում:
Այս պահին քանի որ նորից բարդացել է ապրանքների ներմուծումը, և անհնար է որևէ բան գտնել, դեռ մի երկու ամսվա պաշար ունեմ, հուսով եմ ճանապարհը կբացվի և ստիպված չեմ լինի նորից առանց սիրելի աշխատանքի մնալ:
Այս ամբողջ ընթացքում ինձ միայն մայրս էր օգնում:
Այս շրջափակումը ունեցավ նաև հոգեբանական ազդեցություն, սկսեցի այլ կերպ գնահատել այն ամենը, ինչ ունեմ, ու հանուն նրա, ինչի համար պատրաստ եմ պայքարել:
Չեմ կարողանում պատկերացնել իմ ապագան Արցախից դուրս, ուզում եմ իմ հայրենիքում լինի կայունություն, ու ես կարողանամ Արցախի բոլոր քաղաքներում բացել իմ բրենդային խանութները և քաղցրացնեմ մարդկանց առօրյան», - ասաց Տաթևը: