Covid 19-ի դեպքերն աշխարհում 2023 թվականի սկզբից կտրուկ նվազել են: Համավարակը դեռ շարունակվում է, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ վերջին շրջանում նվազել է և՛ վարակման դեպքերի, և՛մահվան դեպքերի թիվը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ընդգծեց, որ Հայաստանում նույնպես գրանցվել է կորոնավիրուսային համավարակի կտրուկ նվազում:
Մասնագետն ընդգծեց, որ Covid 19-ի վերարտադրողականությունը վերջին օրերին 1 տոկոսից ցածր է, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը բավականին դանդաղել են:
«Ամբողջ աշխարհում քանի որ իրավիճակն ավելի կայուն է, թեստավորումն իրականացվում է ավելի պակաս: Շատ են նշում, որ մարդիկ ավելի թեթև են տանում և թեստավորում չեն իրականացնում, բայց պետք է արձանագրեմ, որ մենք երկու հրաման ունենք, ըստ որի՝ սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով բուժառուները ինչպես առաջնային պահպանման օղակում, այնպես էլ բժշկական ցանկացած կազմակերպությունում պարտադիր հետազոտվում են, և այդ տվյալները հավաքվում, ամփոփվում և վերլուծվում են: Նշեմ, որ մեզ մոտ թեստավորումը շատ ավելի ակտիվ է իրականացվում և թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը 4,1 տոկոս է կազմում»,-նշեց Ռոմելլա Աբովյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։