ԵՊԲՀ գիտական խորհրդի հունիսի 28-ի նիստում Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը ներկաներին տեղեկացրեց հուլիսի 6-ից 8-ը Երևանում կայանալիք IMCA-Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի աշխատանքների մասին, որի պատվավոր նախագահը 2023 թվականին նա է:
Չորս տարին մեկ արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս համահայկական համագումարը, համահիմնադրի` պրոֆեսոր Բաբլոյանի գնահատմամբ, ունի մասնագիտական, գիտական և ազգապահպան նշանակություն։
Ներկայացուցչական այս միջոցառման հաջորդ` 7-րդ համագումարը, Արա Բաբլոյանն առաջարկեց չորս տարի անց նախագահել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին` կարևորելով այն հանգամանքը, որ անցկացված բոլոր տարիներին բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը գործուն մասնակցություն է ունեցել և ունի համագումարի կյանքի կոչման համար։
Արձագանքելով` ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ ելնելով բժշկագիտության որակի բարելավման հրամայականից, միասնական ավելին անելու ձգտումից համաձայնել է ընդունել առաջարկը։
«Բժշկական համալսարանը բազմիցս եղել է այս համագումարի կորիզը և նաև այս անգամ, քանի որ Արա Բաբլոյանը նույնպես բժշկական բուհն է ներկայացնում»,- ասաց պրոֆեսոր Մուրադյանը` հավելելով, որ այս տարի համալսարանական մասնագետներն ընդգրկված են կայանալիք համագումարի աշխատանքներում շուրջ 60 տոկոսով։
Նախանշելով հետագա ընթացքը՝ նա շեշտեց, որ Հայաստանի 7-րդ միջազգային բժշկական համագումարում առանձնակի կկարևորվի բժշկական բուհի 40 երկրում գործունեություն ծավալող շրջանավարտների, ինչպես նաև համալսարանի բուժական և գիտական հզորությունների և ներուժի ներգրավումը։
Քննարկվող թեմայի մասին կարծիք հայտնեց նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի Միքայել Ադամյանը` նշելով, որ թե՛ այս, թե՛ հաջորդ համագումարը բժշկագիտության ոլորտում թռիչքային առաջընթաց կապահովեն։
Այս մասին տեղեկացնում են ԵՊԲՀ–ից։