Այս տարվա ապրիլի 20–ին տեղի էր ունեցել Պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը, որի հաղթող էր ճանաչվել Արթուր Խուդինյանը։ Վերջինս համակարգի հնաբնակներից է։ Նրան ոստիկանության համակարգում ընդունում և հարգում են։ Հասարակության կողմից ևս Խուդինյանն ընկալելի կերպար է, հետևաբար նորաստեղծ պարեկային ծառայության ղեկավարի պաշտոնում նրա նշանակումը թերևս ՆԳՆ հաջողված որոշումներից է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարեկային ծառայողները մշտապես եղել ու գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։ Պարեկային ծառայությունը նախկինում ղեկավարում էր Արթուր Ումրշատյանը։ Նրան համակարգի տարբեր ներկայացուցիչներ բնութագրում էին որպես ինքնահավան ու մեծամիտ, իսկ դա էլ ուներ իր պատճառները։ Ումրշատյանը 2018–ի հայտնի իրադարձություններից հետո էր համակարգում մասնագիտական աճ գրանցել, իշխանական տարբեր ներկայացուցիչների հետ ուներ անձնական կապեր, իսկ ՔՊ–ական Գարիկ Սարգսյանի հետ նաև քավոր–սանիկակական։ Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված «դուխով» առաջ էր գնում, այնքան, քանի դեռ «համմերի վարորդը» չկանգնեցրեց նրա ոստիկանական վերելքը։
Ի դեպ այն ժամանակահատվածում, երբ Արթուր Ումրշատյանն էր պարեկային ծառայության ղեկավար, պարեկները հաճախ էին հայտնվում սկանդալային իրադարձությունների կենտրոնում, ու շատ հաճախ հենց այդ զարգացումների մասնակիցը։ Մինչդեռ Արթուր Խուդինյանի՝ այդ պաշտոնում ընտրվելուց հետո ակնհայտ նվազել է դժգոհությունը պարեկային ծառայողների նկատմամբ։ Մեր տեղեկություններով Արթուր Խուդինյանը պարեկայինների առաջ խիստ հրահանգ է դրել, լինել օրենքի և օրինականության կրողն ու առաջին կատարողը։ Բացի այդ քաղաքացիների հետ շփումներում պահպանել բարեկրթությունը, կոռեկտությունը։ Սրանք կարևոր հանգամանքներ են, որոնց ակնհայտորեն փոխում են վերաբերմունքը պարեկային ծառայողների նկատմամբ։ Իհարկե սա չի նշանակում, որ չեն լինի առանձին արատավոր դեպքեր, որոնք կստվերեն ընդհանուրի աշխատանքը, բայց ընդհանուրի մեջ նրանք փոքրաթիվ են։