Հումանիտար իրադրությունը Լեռային Ղարաբաղում շարունակում է սրվել, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշման։ Դատարանի որոշումը չի կատարվում. Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։ Ավելին, արգելվել է նույնիսկ ԿԽՄԿ մեքենաների երթևեկությունը։ Սրանք կարևոր փաստեր են, որոնք հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր, միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելն ու դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է ու խնդրին պետք է մոտնեալ այս տրամաբանությամբ։
«Այդ որոշման չկատարումն ու արհամարումը բերել է հումանիտար ճգնաժամի»,- ընդգծեց վարչապետը։
Նա ասաց, թե ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար. հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ Հայաստանն ահազանգում է։