Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի սպասելիքներով։
«Անպայման կդիտեմ հանդիպումը՝ հատկապես, որ Հենրիխը եզրափակիչում է խաղալու։ Երկու թիմեր են խաղալու, որոնք տարբեր ոճերի շատ հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում։ Չգիտեմ՝ Մխիթարյանը կխաղա մեկնարկային կազմում, թե փոխարինման դուրս կգա, բայց դա այնքան էլ կարևոր չէ։ Ինձ շատ է դուր գալիս «Մանչեսթեր Սիթիի» խաղը և հատկապես գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը, բայց քանի որ Մխիթարյանը խաղում է «Ինտերում», ես ցանկանում եմ, որ «Ինտերը» հաղթի Չեմպիոնների լիգան։
Երբ նայենք, թե որտեղից Մխիթարյանը սկսել կարիերան և որտեղ է, ապա դա մեծ պատիվ է ողջ հայկական ֆուտբոլի և երիտասարդ տղաների համար, որոնք նոր են սկսում իրենց ճանապարհը։ Մխիթարյանի կարիերան հիանալի օրինակ է բոլորիս համար»,- Metaratings.ru-ի հետ զրույցում ասել է Մինասյանը, գրում է Armsport-ը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։