ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև ազգային անվտանագության մարմինների ծառայողներին։
Նախագիծը ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ Վերջինս ընդգծեց, որ նախագծի ընդունումը կնպաստի ազգային անվտանգության մարմինները, այդ թվում նաև սահմանապահ զորքերը, որակյալ կադրերով համալրելու գործընթացին և կավելացնի ծառայության գրավչությունը:
«Նախագծի ընդունման դեպքում 2024 թվականից սկսած յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից»,-ասաց ԱԱԾ փոխտնօրենը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ։