00:00:00

Պատգամավորը պաշտոնավարել է նաեւ որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, իր անդրադարձած թեմայից բացարձակապես անտեղյակ է․ Սամսոնյանը՝ Առուշանյանին

17:35, 07 հունիս 2023 Քաղաքականություն

Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի անունից, որում ասվում է․
 
 
Սիրելի՛ գյումրեցիներ,
ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը որերորդ անգամ, օգտագործելով հանրությանը հասանելի հարթակները, խոսում է Գյումրիում իրականացված/իրականացվող ծրագրերի մասին, կասկածի տակ դնում դրանց կարևորությունը, ընթացքն ու նպատակահարմարությունը:
 
Զավեշտալի է այն, որ պատգամավորը, որը մի որոշ ժամանակ պաշտոնավարել է որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, իր անդրադարձած թեմայից բացարձակապես անտեղյակ է: Մասնավորապես, պատգամավորը խոսում է Գյումրու վերջին տնակային մանկապարտեզի մասին, որի կառուցման ծրագիրը արդեն իսկ ներառված է իր կողմից քննադատված 2024 թվականի համար կառավարություն ուղարկված սուբվենցիոն հայտում: Խոսում է նաև մանկապարտեզների մասին, մինչդեռ 10 մանկապարտեզներում արդեն իսկ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:
 
Խոսում է մարզական կառույցների մասին, չիմանալով կամ միտումնավոր շրջանցելով այն հանգամանքը, որ համայնքապետարանը 2024 թվականի սուբվենցիոն հայտում ներկայացրել է 7 մարզադպրոցի վերանորոգման աննախադեպ ծրագիր՝ 1 մլդ 131 մլն ՀՀ դրամ գումարի շրջանակներում: Նաև շախմատի դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիր ունենք, որը կրկին կյանքի է կոչվելու 2024թ.-ին: Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված են նաև մշակութային կառույցներ. վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու Երիտասարդական պալատում, Տիկնիկային թատրոնում և Մանկապատանեկան արվեստի պալատում:
Ինչ վերաբերում է արևային կայանի կառուցմանը, ապա վերականգնվող էներգիայի ոլորտում նախորդ տարի իրականացված ծրագրի արդյունքում խնայել ենք 125 մլն դրամ, որը հնարավորություն է տվել Գյումրու մանկապարտեզների վարձավճարը բոլոր երեխաների համար կրճատել 50 տոկոսով: Ունենք խնդիր նաև մյուս 50 տոկոսի վարձավճարի զեղչման և քաղաքի փողոցային լուսավորության ժամային գրաֆիկի երկարաձգման: Քաղաքի գիշերային լուսավորությունը ավելի երկար միացված պահելու հանգամանքը շատ կարևոր է և՛ մեր քաղաքի բնակիչների, և՛ քաղաքի զբոսաշրջային գրավչության տեսանկյունից: Արևային կայանների բաղկացուցիչը 3,5 մլդ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի մի փոքր բաժինն է, որի մեջ ներառված է նաև 30 շենքի վերանորոգման աշխատանքներ ՝ վերելակներ, շենքերի ընթացիկ նորոգում, տանիքների վերանորոգում, ջերմամեկուսացում, արևային վահանակների տեղադրում:
Հարկ ենք համարում նշել, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ, որի արդյունքում ծրագրում համայնքի մասնաբաժինն իջնելու է մինչև 20 %՝ կրկին թեթևացնելով համայնքի ֆինանսական բեռը: Վերականգնվող էներգիայի ոլորտում մեր ջանքերը բերում են միջազգային կառույցների հետ համագործակցության էլ ավելի արդյունավետ ձևաչափերի՝ ի նկատի ունենալով տվյալ օրակարգի միջազգային կարևորությունը:
Պատգամավոր-համայնքի ղեկավարի նախկին տեղակալին սրանից ավել անդրադառնալ չենք ուզում. Գյումրին հոգսաշատ քաղաք է և Գյումրու քաղաքապետը ավելի կարևոր գործեր ունի: Ընդամենը կից ներկայացնում ենք 2024 թվականի համար կառավարությանը ներկայացված սուբվենցիոն հայտերի ցանկը, որոնցից դուք, սիրելի՛ գյումրեցիներ, վստահ եմ՝ կանեք հետևություններ:
 
Հարգանքով՝ ձեր քաղաքապետ Վ.Սամսոնյան
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր