Նախօրեին` հունիսի 4-ի երեկոյան, միջադեպ է գրանցվել Երեւանում. մեքենայի ապակիների մգեցվածության աստիճանը ստուգելու Ոստիկանության անօրինական պահանջի կատարմանը չնպաստելու համար քաղաքացուն տարել են ոստիկանության Մալաթիայի բաժին:
Աշոտ անունով քաղաքացին հենց ոստիկանության բաժնի դիմաց «լայվ» է մտել եւ պատմել դեպքի մանրամասները:
Ըստ նրա, ոստիկանը կանգնեցրել են մեքենան եւ ասել, որ աչքաչափով հասկացել է, որ մգեցվածության աստիճանն անթույլատրելի է. «Ես հարցի, թե ինչպես կարող է ոստիկանը օրվա մութ ժամին աչքով չափել մգեցվածության աստիճանը: Նա պնդեց, որ ինքը կարող է գնահատել: Իր երկրորդ պնդումն էլ այն էր, որ ես ալկոհոլի ազդեցության տակ եմ:
Ասում էր՝ քանի որ ես շատ եմ խոսում, ինքը հիմնավոր կասկած ունի, որ ես ալկոհոլի ազդեցության տակ եմ: Իրականում ինքը շատ հարցեր էր տալիս, ես էլ պատասխանում էի: Ավելին՝ պնդեց, որ իմ աչքերը արյունով լցված են, դա էլ էր իր համար հիմք, որ ես ալկոհոլի ազդեցության տակ եմ: Նա պնդեց, որ ալկոհոլի ստուգման թեստ անցնեմ, ինչն անօրինական պահանջ էր»:
Քաղաքացու խոսքով, ոստիկանը ստուգել է իր սթափության աստիճանը, եւ սարքը ցույց է տվել, որ ինքը լիովին սթափ է: Դրանից հետո ոստիկանը պնդել է, որ գնան ոստիկանության բաժին, քանի որ ասել է, որ քաղաքացին իր օրինական պահանջը չի կատարում:
«Ինքը նստեց իմ մեքենան, թեեւ ես ասացի՝ որ թույլ չեմ տալիս նստել իմ մեքենան:
Նաեւ երկար ժամանակ չէր ուզում վերադարձնել իմ վարորդական վկայականն ու տեխանձնագիրը»,-պատմել է Աշոտը:
Ավելի ուշ եկել է նաեւ քաղաքացու փաստաբանը:
- Մանրամասները տեսանյութում: