00:00:00

Խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր. տարածքային ամբողջականությունը դրա մի մասն է. Ֆիլիպ Ռիքեր

11:43, 26 մայիս 2023 Աշխարհ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր առկա է խաղաղության հասնելու իրական հնարավորություն: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը տված հացազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի նախկին պաշտոնակատար և Կովկասում բանակցությունների գծով նախկին ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը:

«Երկու առաջնորդները պետք է հանդիպեն և լսեն միմյանց, խոսեն միմյանց հետ, որքան հնարավոր է շատ ներգրավվեն երկխոսության մեջ, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, հասկանան, թե որ ուղղությամբ են շարժվում և ինչ մտահոգություններ կան»,- ասել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ռիքերը:

Նրա պնդմամբ, անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում կստեղծի լայն հնարավորություններ՝ տարածշրջանում առևտրի, էներգետիկ ծրագրերի, ենթակառուցվածքների զարգացման համար:

«Օրինակ, տրանսպորտի առումով՝ այն կնպաստի այս կարևոր աշխարհագրական տարածաշրջանի զարգացմանը, որի միջոցով Կենտրոնական Ասիան կկապվի Սև ծովի հետ՝ ստեղծելով կարևոր առևտրային հնարավորություններ, որոնք տարածաշրջանում օգուտ կբերեն բոլորին»,- պնդում է նա:

Հարավկովկասյան այս երկարամյա հակամարտությունը ողբերգոթյուն է՝ գտնում է Ռիքերը: Այն խլել է բազմաթիվ կյանքեր, պատճառել կորուստներ, տասնամյակներով չեզոքացրել զարգացման հնարավորությունները։ Ըստ նախկին դիվանագետի, միջազգային հանրությունը մեծ ջանքեր է գործադրում՝ կողմերի միջև երկարատև, կայուն խաղաղության հասնելու համար:

«Ինչպես տեսնում եք՝ պետքարտուղար [Բլինքենն] անձամբ հանձնառու է [առաջ մղել] գործընթացը: Նա աջակցում է նաև մյուսներին, օրինակ՝ կողմերի առաջնորդներին՝ համախմբելու Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերը՝ հնարավորություն ստեղծելով [Հայաստանի ու Ադրբեջանի համար] առաջ շարժվել խաղաղ ճանապարհով»:

Ռիքերի փոխանցմամբ, իր պաշտոնավարման տարիներին հորդորել է կողմերին հետ քաշել զորքերը:

«Սահմանային՝ լեռնային շրջաններում երիտասարդ զինվորականները գտնվում են միմյանց շատ մոտ, որն անխուսափելիորեն հանգեցնում բախումների։ Ոչ ոք ոչինչ չի շահում։ Իսկ սահմաններն, իհարկե, պետք է սահմանազատվեն և սահմանագծվեն, և այն շարունակական գործընթացի մի մաս է»:

«Կառուցողական» որակելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի հայտարարությունները՝ նախկին դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի տարբեր հայեցակարգեր․ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրա մի մասն են: Նա նաև կարևորում է Լեռնաին Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության ու իրավունքների հարցերը, որոնք, ըստ նրա, Բաքուն պետք է քննարկի վերջիններիս հետ: Նախկին դիվանագետը գտնում է, որ այս հարցում առկա է հնարավորություն առաջ շարժվել լավ հիմնարար խաղաղության համաձայնագրով՝ կենտրոնանալով իրականացման վրա:

«Դրանք կառուցողական հայտարարություններ են։ Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն: Մենք գտնվում ենք մի կետում, ուր, իրոք, առկա է խաղաղության և համաձայնագրի հասնելու հնարավորություն, և հենց դա է հիմնական տարբերությունը [նախորդ փուլերից]»:

Ռիքերը համաձայն չէ այն մոտեցմանը, որ այսօր Կովկասում ընթացող զարգացումները նման են ուկրաինական սցենարին: Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա է ակտիվ և իրական գործընթաց, որին աջակցում է Միացյալ Նահանգները՝ ասում է բարձրաստիճան նախկին դիվանագետը՝ ընդգծելով, որ Ուկրաինան այլ պատմություն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր