Արցախի Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։
2023թ. տարեսկզբից առ այսօր Արցախի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 2 դեպք և տուժածներին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին): Օձի խայթոցից թունավորվածներից 2-ը տղամարդիկ էին և 2 ահազանգն էլ եղել է Մարտակերտի շրջանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն օձի խայթոցի 1 դեպք գրանցվել է Մարտունու շրջանում։
Եթե ձեզ խայթել է թունավոր օձ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ շտապեք մոտակա հիվանդանոց:
Հնարավորության դեպքում, մինչև շտապ օգնության ժամանումն արեք հետևյալ միջոցառումները՝
պահեք ձեզ հանգիստ, որ օգնեք օձի թույնի տարածման կանխարգելմանը
սահմանափակեք շարժումները, հանեք ձեր վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել,
հնարավորության դեպքում այնպիսի դիրք ընդունեք, որ օձի խայթած շրջանը լինի ձեր սրտի մակարդակից ներքև
օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի ներծծված թույնով արյունը դուրս հոսի վերքից և դադարեք սեղմել, երբ վերքից այլևս արյուն չի հոսում
լվացեք-մաքրեք խայթոցի վերքը ջրով և օճառով, որից հետո ծածկեք մաքուր, չոր վիրակապով
ժամանակին դիմեք հիվանդանոց, որտեղ արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։
Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը ստանաք գոնե 6 ժամվա ընթացքում։
Նախազգուշացումներ
Մի՛ փորձեք կտրել վերքը կամ մի՛ փորձեք որևէ կերպ հեռացնել թույնը:
Մի՛ խմեք սուրճ կամ ալկոհոլ, որոնք կարող են արագացնել թույնի ներծծումը:
Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
Մի՛ փորձեք բռնել օձին: Փորձեք հիշել ձեզ խայթած օձի գույնը և արտաքին տեսքը, որ կարողանաք նկարագրել բժշկին:
Արցախի Հանրապետության բուժհաստատություններն այս պահի դրությամբ ապահովված են հակաօձային շիճուկով և բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: