Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ, նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի սիրիացի փախստականների մասին վերջին հայտարարություն իրարանցում է առաջացրել իշխանական շրջանակներում:
Ըստ Քըլըչդարօղլուի՝ առաջիկայում Թուրքիան ստիպված կլինի ընդունել ևս 10-20 մլն սիրիացի փախստականի: Իսկ այս պահին, ըստ ընդդիմադիր առաջնորդի, Թուրքիայում կա 10 մլն փախստական:
Այս թվերը շտապել են հերքել իշխանական շրջանակները, մասնավորապես Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«2011-ին Սիրիայի բնակչությունը կազմում էր 22.5 մլն: 6.7 մլն-ը լքեց Սիրիան, կես միլիոնը մահացան, 6.8 միլիոնը տեղահանվեցին»,-ասել է Սոյլուն՝ կասկածի տակ դնելով Քըլըչդարօղլուի ներկայացրած տվյալները:
«10 մլն որտեղի՞ց են գալու: Ո՞րքան է Սիրիայի բնակչությունը: 2011-ից սկսած 4մլն փախստական է եկել: Հիմա ևս 10 մլն են գալո՞ւ»,- տարակուսած հեգնել է Աքարը: