ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի մոտեցումը՝ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է, գրում է «Ամերիկայի Ձայնը»․
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը, անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է փոխխոսնակը:
Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին տեղեկությունը՝ փոխխոսնակը ընդգծել է. «Նա՝ [Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքատուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն], շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում... ։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը:
Հիշեցնենք՝ մայիսի 25-ին նախատեսված մոսկովյան եռակողմ հանդիպումից առաջ՝ այսօր՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները։