Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում միասնականության կարևոր դերը՝ նրա անդամների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու համար։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է մայիսի 18-ին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է «Բելտա»-ն։
«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության «Համերաշխության և համագործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն» կարգախոսը համապատասխանում է ՀԱՊԿ բոլոր անդամների շահերին։ Այս կապակցությամբ չի կարելի խուսափել մեր շարքերում միասնականության հարցից։ Բելառուսն իր նախագահության շրջանակում նպատակ ունի անհրաժեշտ ջանքեր գործադրել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման համար: Գոյություն ունեցող հակասությունների վերացման մեջ է, որ մենք տեսնում ենք կազմակերպության հզորացման, նրա պատասխանատվության ոլորտում անվտանգության և կայունության ապահովման հեռանկարը: Թույլ չտաք նման պառակտում մեր պատմության այս ճգնաժամային պահին: Աշխարհի ուժեղները փորձում են վերագծել աշխարհը, և մենք ուշադրության կենտրոնում ենք: Մենք պետք է ամուր կառչենք միմյանցից: Մեր պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու ուրիշ այլընտրանք չկա»,- վստահություն է հայտնել Բելառուսի ղեկավարը։