Կանեփը, որպես բույս, տարիներ շարունակ վարկաբեկվել է։ Մարդկանց մոտ կան տպավորված կարծրատիպեր, սակայն այն նաև օգտակար բույս է։ Այս մասին այսօր ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանը։
Պատգամավորի խոսքով՝ արտադրական կանեփը կարող է լայն կիրառություն ունենալ և շատ օգտակար լինել, ուստի այն թմրամիջոցի հետ մտազուգորդել պետք չէ։
«Կանեփ բույսը մեր երկրում այնքան հնուց է աճում, որ փողոցներում էլ անգամ կա։ Հայաստանի ամբողջ տարածքում կանեփ կա, եթե այդպես պայքարում ենք, եկեք ամբողջ կանեփը հավաքենք վառենք։ Շատ լավ է թմրամիջոցների դեմ պայքարելը, բայց այն ինչ մենք ընդունել ենք այս օրենքով, պետությանն օգուտ բերելու համար ենք արել», - նշեց պատգամավորը։
Ըստ Ցիրունյանի՝ արտադրական կանեփը հատկապես օգտակար է գյուղատնտեսության ոլորտում, քանի որ այն վերականգնում է նաև հողերի վիճակը։
«Արտադրական կանեփն ամբողջ աշխարհում մեկ տարի ցանում են կավացած, աղակալած հողերում, քանի որ այս բույսը ջուր չի պահանջում, ինչից հետո այդ նույն հողում կարելի է երեք տարի լոլիկ ցանել։ Այն այդքան հարստացնում է հողը։ Այն նաև օգտակար բույս է։ Խնդրում եմ վերաբերվել շատ ավելի մտածված», - ասաց պատգամավորը՝ հորդորելով նման քննարկումների ժամանակ չօգտագործել թմրամիջոց բառը, - «Մեր հասարակության հետ հարկավոր է խոսել, հասկացնել, որովհետև մարդկանց մոտ տպավորված կարծրատիպեր կան, երկար տարիներ որպես բույս կանեփը վարկաբեկվել է»։