00:00:00

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը․ ՄԻՊ ուղերձը

13:04, 03 մայիս 2023 Քաղաքականություն

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․

«Սիրելի´ լրագրողներ, շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Ազատ լրատվական գործունեությունը կայուն ժողովրդավարության կառուցման հիմնասյունն է, այլակարծության և առողջ բանավեճի ապահովման գրավականը։

Անգնահատելի է բարեխիղճ և արհեստավարժ լրագրողների աշխատանքը՝ ուղղված հանրությանը հուզող խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց հաշվետվողականության երաշխավորմանը։ Միաժամանակ, պրոֆեսիոնալ լրատվական գործունեությունը կարող է ապահովվել միայն էթիկայի կանոնների պահպանման և Ձեր գործունեության արդյունքում ատելության խոսքի բացառման պարագայում։

Չնայած գրանցված առաջընթացին՝ մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2022 թվականի ընթացքում արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման 14 դեպք։ Խնդրահարույց է նաև լրագրողների թիրախավորման դեպքերի առկայությունը։ Այս առումով կարևոր է մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:

Մամուլի և լրագրողների աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված:

Մաղթում եմ Ձեզ արդյունավետ և ստեղծագործ աշխատանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր