00:00:00

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Արագածոտնի մարզ. գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը

16:40, 19 մայիս 2018

Մայիսի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր՝ Հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում այնտեղ տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկմանը հետևելու նպատակով: Հրթիռների փորձարարական կրակոցները հաջողվեցին, նախորդ փորձարկման ժամանակ արձանագրված խնդիրները վերացվել են, իսկ մեծ տրամաչափի փողից (ствол) կրակոցի իրականացման ժամանակ արձանագրվեցին աննշան տարբերություններ: ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ, Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Արտաշավան համայնքներում տեղադրված հրթիռային 3 կայանները հակակարկտային պաշտպանության տակ կառնեն Արմավիրի մարզի 33, Արագածոտնի մարզի 26 և Կոտայքի մարզի 1 համայնք: Համայնքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Պիլոտային ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացվել են հետևյալ աշխատանքները` 1. Արդիականացվել է Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը, 2. Իրականացվել է անձնակազմի ուսուցում, 3. Արմավիրի ու Արագածոտնի մարզերի հակակարկտային կենտրոններում վերակառուցվել են հրթիռների պահպանման պահեստները, 4. Մշակվել և ընդունվել է հրթիռային կրակոցների իրականացման կարգը` արտակարգ իրավիճակների նախարարի, պաշտպանության նախարարի և քաղավիացիայի գլխավոր վարչության պետի համատեղ հրամանի ձևով, 5. Ձեռք է բերվել և Արմավիրի ու Արագածոտնի մարզերում տեղադրվել հրթիռային արձակիչ 3 կայան, 6. Գնվել ու Հայաստան է տեղափոխվել «ԱՍ» տեսակի 120 հակակարկտային հրթիռ: Փորձարարական կրակոցներ իրականացնելու նպատակով հրթիռներ արտադրող գործարանի կողմից անվճար տրամադրվել է լրացուցիչ 6 հրթիռ: 7. Իրականացվել է հրթիռային կայանների ու հրթիռների 2 փորձարկում՝ ՀՀ ԱԻՆ և ՊՆ մասնագետների մասնակցությամբ: Հրթիռային պաշտպանության համակարգի գործարկումից, 120 հրթիռների օգտագործումից և արդյունքների ամփոփումից հետո համապատասխան որոշում կկայացվի հրթիռային պաշտպանության ընդլայնման վերաբերյալ: Մայիսի 22-25-ը Հայաստան կժամանեն արտադրող «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության ներկայացուցիչները՝ ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար վերապատրաստման դասընթաց անցկացնելու, հրթիռային կայանների և հրթիռների փորձարկում իրականացնելու, ի հայտ եկած մասնագիտական հարցերին պատասխանելու և հետագա զարգացման ծրագրերը քննարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր