Սպորտային մարմնամարզության Եվրոպայի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանը, փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, հավաքականի մյուս անդամները՝ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, վերադարձել են Թուրքիայից, որտեղ մասնակցում էին մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը:
Մարմնամարզիկներին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին զուռնա-դհոլով։ Առաջնության մեդալակիրներին դիմավորելու էին եկել ծնողները, ընտանիքի անդամները, ընկերները, մարզասերներ, պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն:
Թուրքական Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 15,033 միավոր և զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը` օղակներ վարժությունում: