ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ
«Իհարկե, Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ:
Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների:
Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան։
Եզրափակելով նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ այսօր մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»: