00:00:00

Այսօր անհայրենիք իշխանությունները փորձում են փակել հերթական թատրոնը․ թիրախում «Գոյ» թատրոնն է․ Տիգրան Ներսիսյան

21:39, 19 մարտ 2023 Մշակույթ

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով «Գոյ» թատրոն լուծարմանը։ Դերասան Տիգրան Ներսիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հերթական սրբապիղծ որոշման փորձը։ ՓԱԿՎՈՒՄ Է ԳՈՅ ԹԱՏՐՈՆԸ։ Այսօր անհայրենիք իշխանությունները՝ իրենց ազգադավ պարագլխի հետ միասին, իրենց իսկ կողմից ստեղծված ԱԳԼԿՃ-ի ՝ այն է ԿԳՄՍ «կանտոռայի» միջոցով փորձում են փակել հերթական թատրոնը։ Թիրախում ԳՈՅ թատրոնն է։ Մշակույթի, գիտության, կրթության, ազգայինի, իրական արժեքների և մնացյալ այլ ոլորտների սպանդը և հիթ շքերթը շարունակվում է։

ԳՈՅ թատրոնը երեսուն և ավելի տարիների կենսագրություն ունի, կայացած թատերախումբ, ուրույն ձեռագիր, միայն իրեն հատուկ գեղագիտություն և թատերային ոճ։ Թատրոնը նվիրյալների և տաղանդավոր արվեսագետների մի կուռ անձնակազմ է՝ իրենց գեղարվեսական ղեկավարի մեծատաղանդ, ինքնատիպ, ոչ մեկի չնմանվող, թատրոնի համար ապրող, թատրոնի համար արարող Արթուր Սահակյանի գլխավորությամբ։ Թատրոնը փակելու պատճառաբանությունները «կանտոռայի» կողմից ինչպես մնացյալ դեպքերում անհիմն են, տկար, մտացածին, ինքնագործ ու դավադիր։ Սա ընդհանրապես ամբողջ համակարգը քանդելու, ավերելու, ոչնչացնելու, հակամշակութային, տվյալ դեպքում հակաթատրոնական գործընթաց է, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները իրենց «լակոտնյայով»։

Նպատակը՝ փակել թատրոններ, կրճատել քանակը, պետական աջակցությունից զրկել, նույնիսկ զրկել արվեստագետներին այն չնչին, ոչ պատվաբեր աշխատավարձերից, որոնք տրվում էին իրենց գործունեության համար։ Իսկ վերջնական և գերնպատակը մաքրազարդումից հետո այն է՝ չունենալ ընդհանրապես խաղացանկային թատրոն, չունենալ մշտական թատերախումբ, չունենալ գեղարվեստական ղեկավար, այլ շենք, որն ունի միայն ադմինիստրատիվ անձնակազմ։ Մեկ բառով քանդել Հայ Թատրոնը։

«Կանտոռայի» սեղանին արդեն դրված են հերթական զոհերը և թատրոնի մարդիկ իրենց ղեկավարներով դա շատ լավ գիտեն, բայց լուռ են, անտարբեր ու վախեցած։ Այսօր չկանգնելով ԳՈՅ թատրոնի կողքին, չսատարելով ձեր գործընկերներին և կոլեգաներին, չբռնելով այն ապիկար ձեռքը, որն ուզում է մահվան դատապարտել, սպանել մշակութային օջախ, թատրոն, դուք մոտենում եք ձեր վախճանին, որին շատ երկար չեք սպասի։ Այսօր մենք բոլորս պետք է լինենք ԳՈՅ թատրոնի կողքին, մեր ընկերների կողքին, ուրեմն նաև մենք ինքներս մեր կողքին, մեր թատրոնի կողքին, Հայոց Թատրոնի կողքին։ Ես և իմ ամբողջ ընտանիքը, ողջ անձնակազմով՝ այսօր կանգնած ենք ԳՈՅ թատրոնի կողքին։ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Տիգրան Ներսիսյան»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր