Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հայտնել է, որ չի տեղափոխվի «Գալաթասարայ», չնայած ԶԼՄ-ներում տարածված բազմաթիվ նորություններին.
«Չեմ դիտարկում կարիերաս «Գալաթասարայում» շարունակելու հնարավորությունը՝ անձնական պատճառներով»,- ասել է Զախարյանը «Чемпионат»-ի հետ զրույցում, գրում է Armsport.am-ը։
Մոսկվայի «Դինամոյի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հերքել էր այն տեղեկությունները, թե 19-ամյա ֆուտբոլիստը թուրքական ակումբ տեղափոխվելու ցանկություն է հայտնել.
«Արսեն Զախարյանը որևէ մեկնաբանություն չի տվել թուրքական ԶԼՄ-ներին և լրագրողներին: Նրա խոսքերի մեջբերումը, որ հրապարակվել է թուրք լրագրողի թվիթերյան էջում, կեղծ է»,- «Դինամոյի» մամուլի քարտուղարի խոսքերն է փոխանցում Sport24-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը «Դինամոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։