00:00:00

Պետք օգտվենք ՄԻԵԴ նախկին որոշումներից և ՄԱԿ-ի բանաձևերից, որոնցով այդ տարածքները չեն ճանաչվել օկուպացված. Գյուլումյան

13:41, 03 փետրվար 2023 Քաղաքականություն

Մեր հանրության մեջ բացակայում է միասնական մոտեցումը. Մի մասը գտնում է, որ Արցախը պետք է միացվի Հայաստանին, մյուս մասը, որ Արցախի ինքնորոշման իրավունքն է։ Այս հարցի պատասխանն իմանալուց հետո մենք ավելի հստակ կարող ենք ասել, թե վկայակոչված տարբեր փաստաթղթերը, հայտարարությունները որքանով կարող են խանգարել Արցախի հարցի կարգավորմանը, որքանով են դրանք ոչ նպաստավոր։ Այս մասին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը։

«Եթե մենք խոսում ենք՝ Հայաստանին միանալու մասին, ապա, այո, այստեղ հարց է առաջանում տարածքային ամբողջականության, այն հայտարարությունների մասին, թե իրապես գործող իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ նաև Արցախի, իսկ եթե խոսում ենք ինքնորոշման մասին, ապա ցանկացած պարագայում ինքնորոշման իրավունքը պահպանվում է»,- նշեց Ալվինա Գյուլումյանը՝ արձանագրելով միասնական մոտեցման, մշակման անհրաժեշտությունը։

Իսկ թե ինչպես կարելի է շտկել այսօրվա իրավիճակը՝ Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ օկուպացիայի մասին և՛ Լավրովի երեկվա, և՛ բոլոր այդ հայտարարություններն արդեն իսկ ժխտված են՝ միջազգային միակ դատական որոշմամբ՝ «Չերագովն ընդդեմ Հայաստանի» գործով, որով ճանաչելով ՀՀ իրավազորությունը, ԵԴ-ն չգնաց տարածքների օկուպացված լինելու առումով։

«Այսինքն, մենք, ըստ ԵԴ-ի, իրականացնում էինք որոշակի արդյունավետ իրավազորություն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները, օկուպացիայի մասին որևէ բառ չեք հանդիպի այդ որոշման մեջ»,- նշեց Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա գործը վերաբերում էր հենց Լաչինին և պատահական չէր, որ Ադրբեջանը ընտրել էր հենց լաչինի բնակիչների դիմումները՝ ցույց տալու, թե դա իրենց տարածքն է, ՀՀ-ն բարձրացնում էր անվտանգային և կյանքի ճանապարհ լինելու հարցերը։ Գյուլումյանի դիտարկմամբ՝ այսօր պետք է կարողանանք օգտվել ՄԻԵԴ նախկին որոշումներից, ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերից, որոնք որևէ ձևով այդ տարածքի նկատմամբ Հայաստանի նկատմամբ որևէ օկուպացիա չեն ճանաչել, ավելին, ճանաչել են դրա ինչ-որ տեղ անհրաժեշտությունը՝ Արցախը Հայաստանի հետ միացման համար։ Գյուլումյանի խոսքով՝ պետք է հիմնավորել, որ սա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ և ՀՀ-ն չի կարող փոխարինել Արցախի ժողովրդին, չի կարող արտահայտել նրա կամքը, կարող է միայն սատար կանգնել նրանց ինքնորոշման իրավունքին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր