00:00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

20:33, 18 մայիս 2018 Քաղաքականություն

ՌԴ քաղաքացի Մուրադ Մուրադյանս արդեն 20 տարի է` հետախուզման մեջ եմ այն պատճառով, որ 1996-1997թթ. $550.000 եմ ներդրել ՀՀ-ում: Հարգելի’ պարոն վարչապետ Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի հովանավորության տակ գտնվող Աշոտ Արսենյանը (Ջերմուկի Աշոտը) ԱԺ-ում Ձեզ տված իր 1 ձայնով, այս անգամ էլ կարող է հովանավորություն ձեռք բերել Ձեր կառավարությունից: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ներկայացնել 1996-98թթ. կատարված անօրինականությունները, որը շարունակվում է մինչ օրս: 1996 թ. ես, Աշոտ Արսենյանը և Կորյուն Հակոբյանը հիմնել ենք «ՄԱԿ» ՓԲԸ-ն` 33-ական տոկոս բաժնեմասերով, ևս 1% բաժնեմաս ստացել է Կ. Սարգսյանը, որտեղ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն է ընտրվել Կ. Հակոբյանը: «ՄԱԿ» ընկերությունն ավստրիական «Կուսմե Պլաստ» ընկերության հետ պայմանագիր է կնքել և Հայաստան ներկրել շուրջ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ջրալցման հոսքագիծ ու հումք, որը մոնտաժվել է «Ջերմուկի մայր գործարանում»: Կ. Հակոբյանը, մասնակցելով աճուրդների, «ՄԱԿ» ՓԲԸ-ով գնել է «Բոլիտ» գործարանի 73,4% բաժնեմասը (100% բաժնեմասը կազմում էր 120 միլիոն դրամ) և «Ջերմուկ Շին» տրեստի 80,6%-ը: Այդ ժամանակահատվածում ես ձեռք եմ բերել նաև իմ հայրենի գյուղի` Գետափի գինու գործարանը (վկայական №037889)՝ 75 միլիոն դրամով: 1996 թ. դեկտեմբերին ես և Կորյուն Հակոբյանը Սանկտ Պետերբուրգում վթարի ենք ենթարկվել և շուրջ 1 ամիս անցկացրել հիվանդանոցում: Հետո Կորյունը, վերադառնալով Հայաստան, հաջորդ օրը զանգահարել է ինձ և ասել, որ Աշոտ Արսենյանն ապամոնտաժել է «ՄԱԿ» ՓԲԸ-ին պատկանող ջրի հոսքագիծը և ապօրինաբար վաճառել այն, ինչպես նաև վաճառել է «Ջերմուկ Շին» տրեստին պատկանող 25 հատ «ԿամԱԶ»-ներն ու ծանր տեխնիկան իր կնոջը. այդ ամբողջն ընդամենը 5000 ԱՄՆ դոլարով (այնինչ 1 «ԿամԱԶ»-ն այդ ժամանակ արժեր $10000 -ից ավել): Ես անմիջապես վերադարձա Հայաստան և շուրջ 4,5 ամիս՝ ես և Կորյունը փորձեցինք մեր գույքը վերադարձնել: Չստացվեց, որից հետո Կ. Հակոբյանը «ՄԱԿ» ընկերության անունից 05.05.1997թ. դիմում ներկայացրեց Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին` ներկայացնելով կատարված ամբողջ հանցանքների մասին: 13.06.1997թ. 6-րդ վարչության քննիչ Քյաբաբյանը զանգահարեց մեզ և կանչեց 6-րդ վարչություն: Ներկայանալով այնտեղ` մեզ ձերբակալեցին` ցույց տալով հենց այդ նույն օրը`13.06.1997թ., Արսենյանի գրած դիմումը 6-րդ վարչությանը (որը նույնիսկ չի մուտքագրվել), իբրև ես սպառնացել և Աշոտից ստացել եմ 150.000 ԱՄՆ դոլար: Երեք օր անընդմեջ մեզ ծեծի ենթարկելով՝ ստիպում էին, որ մենք ընդունենք նշված անհեթեթ մեղադրանքը: Երրորդ օրը տեսան, որ իրենք հաջողության չեն հասնում, ցուցմունք վերցրին մեզնից և բաց թողեցին: Այսքանից հետո գործին միացավ դատախազության կարևորագույն գործերով քննիչ Աբաջյանը, մեր դեմ մեղադրանք հարուցեց և շուրջ 2 ամսվա ընթացքում Հանրապետության տարբեր տեղերից բերվեցին կեղծ վկաներ ու իբր տուժածներ, առերեսումներ արեցին, խուզարկեցին մեր բնակարանները, կազմեցին իրականությանն ընդհանրապես չհամապատասխանող շուրջ 5 հատորանոց նյութեր: Հոկտեմբերի 7-ին ինձ շատ հարազատ Միշա Վախթանգի Գրիգորյանը, իմանալով ամբողջ գործի իսկության մասին, ինձ ասաց. «Հայաստանից գնացեք, թե չէ վաղը ձեզ ձերբակալելու են»: Ես Կորյունին ասացի այդ մասին և խնդրեցի, որ ընտանիքը շուտ վերցնի, և գնանք Հայաստանից: Բայց Կորյունը, հավատալով ՀՀ արդարադատությանը, ասաց. «Աշոտն իմ՝ շուրջ 500.000 դոլարի ունեցվածքս գողացել է, ե՞ս ինչ եմ արել, որ փախնեմ, ի՞նձ պիտի կալանավորեն, ինչի՞ համար» ու նա չեկավ: Հաջորդ օրը Կ. Հակոբյանին կալանավորեցին, իմ նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում, իսկ 1 տարուց ավել տևած բացառապես անօրինական քննություններից ու դատավարություններից հետո, Կ. Հակոբյանին դատապարտեցին 8 տարի ազատազրկման՝ բռնագանձելով նրա ամբողջ ունեցվածքը: Ընդ որում՝ Կորյուն Հակոբյանն այդ ժամանակ շատ հաջողված բիզնեսմեն էր, ով, այդքանից բացի, նաև Կանադայից Հայաստան էր բերել ադամանդի բիզնեսի մեջ ճանաչված Հրայր Շեհմեսյանին և Լիբանանից հայտնի ոսկերիչ Վարուժան Բերբերյանին՝ իրենց գործարանների ամբողջ սարքավորումների հետ միասին, ու նրանց հետ հիմնել «ՔԱՆԱՐ» հայ-կանադական համատեղ ձեռնարկությունը՝ բացելով շուրջ 250 աշխատատեղ ոսկերչական, ևս 50-ը՝ ադամանդամշակման գործարանում: Նա նաև բաժնետեր էր «Արարատ Լադայում», ինչպես նաև «Զանգեզուր Միավորման» տնօրենն էր: Ցույց տալու համար Աշոտ Արսենյանի պետական հովանավորչության աստիճանը` մեջբերեմ Կորյունի խայտառակ դատավճռից մեկ հատված ( դատավճիռ գործ ՀԱ 1-172, 1998թ: Վճիռ. Կորյուն Արարատի Հակոբյանից, հօգուտ գործով տուժող Աշոտ Եղիշեի Արսենյանի, բռնագանձել 150.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Բռնագանձումը տարածել Եղեգնաձորի տարածաշրջանի Գետափ գյուղի Մուրադ Մուրադյանի անվամբ գնված գինու գործարանի վրա, Վայքի «Բոլիտ» և «Ջերմուկ Շին» տրեստ ձեռնարկություններում «ՄԱԿ» ընկերության անվան գրանցված բաժնեմասերը բռնագանձել հօգուտ տուժող Ա. Արսենյանի, ճանաչել որպես նրա սեփականություն՝ որպես պատճառված նյութական վնասի փոխհատուցում): Պետական հովանավորչությունը հնարավորություն է տվել Աշոտ Արսենյանին ապօրինաբար հարստանալու իմ, Կ. Հակոբյանի, Կայծակ Զեյթիլյանի (ԱՄՆ) և մի շարք ներդրողների հաշվին: Հայաստանից Աշոտ Արսենյանի պատճառով այդ ժամանակահատվածում հեռացել են մի շարք ներդրողներ` ես` Մուրադ Մուրադյանս (ՌԴ), Կայծակ Զեյթիլյանը (ԱՄՆ), Հրայր Շեհմեսյանը (Կանադա), Վարուժան Բերբերյանը (Լիբանան) և այլն: Ավելացնեմ, որ այս 20 տարվա ընթացքում մի շարք երկրներում «Ինտերպոլ»-ն ինձ բռնել է որպես հետախուզվող: Բերեմ մի օրինակ. երբ Գերմանիայում ինձ բերման ենթարկեցին և ուզում էին ինձ հանձնել Հայաստանին, ես ասացի, որ ինձ անհիմն մեղադրանք է առաջադրված, քաղաքական հետապնդում է և խնդրեցի, որպեսզի Հայաստանից պահանջեն քրեական գործը: Հայաստանից Գերմանիա թղթերը չուղարկեցին, որովհետև քրեական գործն ուղղակի անհեթեթություն էր, և ինձ 40 օր պահելուց հետո բաց թողեցին: Մեծարգո՛ Վարչապետ, Խնդրում եմ հանձնարարել՝ ստուգել իմ գրածների իսկությունը, ինչի շնորհիվ կհանվի իմ հետախուզումը և խնդրում եմ՝ լինել հետևողական, որպեսզի վերականգնվի արդարությունը: Արդյունքում ես և ինձ նման շատ գործարարներ կվերադառնան հայրենիք՝ իրենց ներդրումներն ուղղելու նոր Հայաստանի զարգացմանը: Հարգանքներով` Մ. Մուրադյան 15.05.2018թ. 093436093

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր