Երաժիշտ Եղիշե Պետրոսյանի խոսքով՝ ժողովուրդը դեռ հեղափոխության էյֆորիայի մեջ է և այդ պատճառով էլ փողոցներ է փակում: Ըստ նրա՝ սա նոր կառավարության դեմ չէ, այլ մի բան էլ օգնում է: «Պետք է անպայման այդ ընդվզումները լինեն, իհարկե, շատ լավ է, որ եթե Նիկոլն ասում է՝ մի փակեք փողոցները նրան լսում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ըստ Պետրոսյանի՝ նաև պետք է ազատ արձակվեն այն մարդիկ, ովքեր առանց մեղքի են գտնվում բանտերում: Պետրոսյանն ասում է, որ «Սասնա ծռերն» էլ բանտում են հայտնվել այս իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում: Դիտարկմանը, թե այդքան արդյոք կընդունեն մահացած ոստիկանների հարազատները, եթե ծռերին ազատ արձակեն, Պետրոսյանն արձագանքեց, որ այդ մարդիկ էլ են այս իշխանությունների քաղաքականությունից տուժածներ:
«Այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն, երբ կունենանք անկախ դատարան, թող դատեն այդ ժամանակ, տեսնեն՝ ով ում սպանեց»:
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանն էլ համաձայնեց, որ մի կողմից այս դեպքում կան սպանված սպաներ, սակայն նա էլ է հարցնում, թե ում կողմից են սպանվել, արդյոք հենց «Սասնա ծռերից»: «Բայց եկեք, ժամանակ տանք այս վարչապետին, որ այս հարցով էլ մյուս հարցով էլ զբաղվի: Նիկոլ Փաշինյանի մի զանգը անարդարության փուլի հիմք կդնի: Պետք չէ այդպես»,-ասաց Խոդիկյանը:
Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պետք, քանի որ դեռ հին մտածելակերպով դատավորներն են նստած: «Մենք կիսահեղափոխության մեջ են: ՀՀԿ-ն ամեն ինչ կանի, որ տապալի ամեն ինչ: Այս ակցիաներով մենք նրանց ջրաղացին ջուր ենք լցնում, և ՀՀԿ-ից մեծ վտանգ կա, բոլոր ուժային կառույցները նրանց ձեռքում են»,-ասաց նա: