Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ համացանցում տարածվող առանձնատան լուսանկարը, որը ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վերագրել էր ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին իրականությանը չի համապատասխանում։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Համացանցում տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումներն այն մասին, թե իբր դրանք պատկանում են Պաշտպանության նախարարին, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»։
Մեզ հայտնի դարձավ, որ օգտատիրոջ գրառման վերաբերյալ Սուրեն Պապիկյանը պատրաստվում է դատահան հայց ներկայացնել։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր հարցին ի պատասխան ասաց.«Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում է կատարել այն մասին, թե իբր Սուրեն Պապիկյանին է պատկանում «մի քանի միլիոն դոլար արժողությամբ» առանձնատուն։ Սույն գրառմանը կից ներկայացվել է նաեւ Սուրեն Պապիկյանի հետ որևէ առնչություն չունեցող առանձնատների լուսանկարներ, նախարարի անձը և հանրային գործունեությունը արատավորող տեղեկատվությամբ, ինչն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ֆեյսբուքյան օգտատիրոջը և նրա գրառումը զետեղած ԶԼՄ-ներին հորդորում ենք օրենքով սահմանված կարգով հերքել մտացածին տեղեկությունները»։
Միաժամանակ Թորոսյանը նշեց. «Սուրեն Պապիկյանը հիշյալ գրառման կապակցությամբ պատրաստվում է համապատասխան հայց ներկայացնել դատարան»։
Նշենք, որ հիշյալ գրառումն ու լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Մանուել Մանուկյանը։
Irakanum.am