00:00:00

Ահազանգ. հայտնի գործարարին պատկանող զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում (ֆոտո)

19:47, 18 մայիս 2018

Երեւանի զվարճանքի կենտրոններից մեկում անազատության մեջ պահվող կենդանու մասին հերթական ահազանգն է հնչել. «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ՀՀ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի լուսանկարներ է հրապարակել:  Կենդանին պահվում է «10-ից 10» զվարճանքի համալիրում: Այս մասին Econews.am-ը  զրուցել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանի հետ, ով նաեւ համակարգում է արջերի փրկության ծրագիրը: «Լուսանկարում էգ բեզոարյան այծ է, տարիքը՝ մեկ տարեկանից ավել: Չեմ կարող միանշանակ ասել, թե կենդանին որտեղից է եկել, բայց հիմնականում գիտեմ՝ ինչպես են այդ այծերը հասնում Երեւան: Սովորաբար, կանաչ սեզոնին, երբ մարդիկ սարերում կանաչեղեն են հավաքում, կենդանին հանդիպում է, բռնում եւ վաճառում են: Երբեմն էլ Մեղրու, Կապանի շրջանում հայտնվում են հատուկ ձագ բռնողներ: Բերում են Երեւանում 100-200 դոլարով վաճառում են»,- ասաց նա: Ինչպես նշեց Մանուկ Մանուկյանը, նման վայրերում կարմիրգրքյան վայրի կենդանիներ պահելը սխալ է, քանի որ կենդանուն սխալ են խնամում: «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձեւից եւ այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»,- ասաց նա: Նշենք, որ «10-ից 10» զվարճանքի համալիրը «ՎԱԼԵՆՍԻԱ» համատեղ ձեռնարկություն ՍՊԸ կազմի մեջ է, որն էլ հայտնի «Իքս Գրուպ» ընկերության մաս է: Վերոնշյալ «10-ից 10» զվարճանքի համալիրում հրաձգությունը եւս համարվում է զվարճանքի ձեւ եւ պարբերաբար իրականացվում է հրաձգության հրավեր: Գործարար Խաչիկ Խաչիկյանին պատկանող «Իքս Գրուպ» ընկերության մաս են կազմում մի շարք հայտնի ընկերություններ, որոնցից են՝ «Ջրաշխարհ» զվարճանքի կենտրոնը, «Արաքս թռչնաֆաբրիկան», «Կլայկ» առեւտրի կենտրոնը եւ այլն: Նշենք, որ Խաչիկ Խաչիկյանը բավական հայտնի գործարար է եւ մի քանի անգամ հայտնվել է «աղմկահարույց» պատմությունների կիզակետում: Մեր հետագա ուսումնասիրությունը ցույց տվեց նաեւ, որ 2017թ.-ին նշված տարածքում պահվել են նաեւ վարազներ (վայրի խոզ): Վերջին տարիներին այս տեսակի թվաքանակի անկում է գրանցվել, սակայն վարազը դեռ գրանցված չէ ՀՀ Կարմիր գրքում: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքը սահմանում է Անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը: Հոդված 27.2-ի առաջին կետով ասվում է. «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առեւտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի եւ որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբսաբադ) օգտագործելու նպատակներով»: Այս եւ մի շարք այլ պահանջների համապատասխանությունը ՀՀ-ում գործող օրենքին պետք է ստուգի ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, ուստի հրավիրում ենք վերոնշյալ կառույցի ուշադրությունը: Նշենք նաեւ, որ սույն օրենքում նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք պետք է նաեւ ավելի խիստ կանոնակարգեն անազատ եւ կիսազատ պայմաններում գտնվող կենդանիների պահման նպատակներն ու պայմանները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր