00:00:00

Միասնական քննությունների առաջին փուլին սպասվածից ավելի դիմորդ է հայտագրվել. Այս անգամ տեսախցիկներ չեն լինի. Նասիբյան

11:39, 11 հունվար 2023 Հասարակություն

Հայաստանում 2023-2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ, որի արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ, այդ իսկ պատճառով փուլերի քանակն ավելացել է, կա առաջին, երկրորդ եւ երրորդ փուլ:

Առաջին փուլի քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը, երկրորդ փուլինը՝ հունիսին, եւ երրորդ փուլինը՝ հուլիսին կայանալիք լրացուցիչ քննությունները:

Նասիբյանը նկատեց, որ սա վերաբերում է միասնական քննություններին, իսկ ներբուհական քննությունները կմնան հին ձեւով. «Առաջին փուլի քննություններում դիմորդները լրացնում են միայն քննությունների դիմում հայտ, այսինքն հայտում չեն լրացնում բուհ եւ մասնագիտություն: Բնականաբար, հունվարի քննություններից հեռտո որեւէ մրցույթ կայանալ չի կարող:  Մրցույթը կազմակերպվում է բոլոր քննությունների ավարտից հետո: Ավարտել ենք հայտագրման գործընթացը, հունվարի 15-ից սկսում է առաջին քննությունը եւ առաջին օրվա քննություններն են քիմիա եւ ռուսաց լեզու: Քննությունների սկիզբը ժամը 11.30 է:

Միասնական քննությունների առաջին փուլին կարող են մասնակցել բոլոր նրանք,  ովքեր ցանկանում են ուսումը շարունակել բուհերում։ Մենք սպասում էինք, որ նրանց թիվը կարող էր լինել 3000-5000, բայց այսօր հայտագրվածները 6871–ն են։ Ամենից շատ դիմորդ հայտագրվել է «Անգլերեն» լեզվի քննությունը հանձնելու համար` 3139 հոգի։ «Մաթեմատիկա» հանձնել ցանկանում է 2950 դիմորդ, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունն էլ հանձնելու համար հայտագրվել է 2018 դիմորդ»,– ասաց Նասիբյանը։

Նա ընդգծեց, որ մյուս առարկաներից քննություն հանձնողների թիվը 1000-ից պակաս է` «Կենսաբանություն» 887 դիմորդ, «Քիմիա»` 738, «Հայոց պատմություն»` 582, իսկ մյուս առարկաների դեպքում ցանկացողներն ավելի քիչ են։

ՆասիբյանըՆա հավելեց, որ ստեղծվել են 29 միասնական քննական կենտրոններ, որոնցից 10-ը՝ Երեւանում:

Նասիբյանի խոսքով` ի տարբերություն ամառային քննաշրջանների կենտրոնների ընտրության, միասնական քննությունները կազմակերպելու ժամանակ` հունվար–փետրվար ամիսներին կարող են խնդիրներ լինել։

«Մեզ համար այս անգամ դժվար էր կենտրոններ ընտրել կամ ավանդական տեղերում քննություններ անցկացնել՝ պայմանավորված ջեռուցման համակարգով: Ունենք դպրոցներ, որոնց մարզադահլիճներում չկա համապատասխան ջերմություն։ Այս հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմեն Երևանի քաղաքապետին ու մարզպետներին` դպրոցներում քննությունների ընթացքում, համապատասխան ջերմություն ապահովելու համար»,– ասաց ԳԹԿ փոխտնօրենը՝ հավելելով, որ քննությունները, բացի մեկից, լինելու են կիրակի օրերին:

Վերջինս նաև շեշտեց, որ այս անգամ տեսախցիկներ չեն լինի քննական կենտրոններում, քանի որ ժամանակը քիչ էր ու մրցույթ չէին կարող հայտարարել։ Խնդիրը նաև այն էր, որ իրենք էլ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է տեսախցիկները և հեռուստացույցները տեղադրվեն, որպեսզի ծնողները դրսից հետևեն իրենց երեխաներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր